Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հեռանա, եթե իրեն մեղավոր էլ չի զգում, պետք է հեռանա, որ հնարավորություն ստեղծվի կորցրածը հետ բերելու. Հրանտ Մարգարյան

«Որ սկսել ենք, կհասցնենք ավարտին, կհասցնենք վիճակը փոխենք, փրկենք, ուշից չպետք է վախենանք, հակառակը՝ պետք է համախմբվենք, ոտքի ելնենք ու իրավիճակ փոխենք»

ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի ակցիան ուշացած քայլ չէ: Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, որ միշտ էլ կարելի է ասել, որ ամեն պահ ավելի ուշ է:

«Որ սկսել ենք, կհասցնենք ավարտին, կհասցնենք վիճակը փոխենք, փրկենք, ուշից չպետք է վախենանք, հակառակը՝ պետք է համախմբվենք, ոտքի ելնենք ու իրավիճակ փոխենք»,- ասաց բա:

Հարցին՝ ինչու են հենց Նիկոլլ Փաշինյանի հրաժարականը պահանջում, Մարգարյանն ասաց. «Ինքն է գլխավոր չարիքը, նա երկիրը 2.5 տարի առաջնորդել է դեպի պարտություն, պարտությունը մենք ստացել ենք իր շնորհիվ: Բանակը վարկաբեկեց, սպայական կազմը վարկաբեկեց, սպառազինում տեղի չունեցավ, հարաբերությունները փչացրեց, արեց ամեն ինչ, որ մենք դառնանք պարտված ազգ, սա է, որ պետք է կանխենք, սա է, որ պետք է փոխենք և պետք է սկսենք իրեն փոխելով»,- շեշտեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը մինչ այս պահը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը, կհաջողի՞ արդյոք այդ հարցում, Հրանտ Մարգարյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ միշտ փորձում է, այս վերջերս ասել է՝ «վրեժը պետք է Երևանում լուծենք», փոխանակ ասի՝ վրեժը պետք է թշնամուց լուծենք: Այնքան բան ենք կորցրել, որ նրանից վրեժ լուծելը ամեն հայի առաքելությունն է, բայց ինքը դեռ փորձում է շեղել ժողովրդին, ներսում քաղաքացիական պատերազմ սկսի, բախումներ սկսի: Ինքը չարիք է, իսկապես չարիք է»:

Անդրադառնլով Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե 5 օր հետո գնար զիջման, այս ամենը չէր լինի, Մարգարյանն ասաց. «Եթե իր մտքում չլիներ տարածքներ զիջելը, մենք տարածք չէինք զիջի ոչ պատերազմից հինգ օր հետո, ոչ նախքան էդ, ոչ էլ հիմա: Հարցը նրանում է, որ իր մտքում արդեն ուներ, իր ենթագիտակցությունը: Լևոնի աշակերտն է եղել ինքը, Լևոնի մոտ է դաստիարակվել և մեծացել. ինքը Լևոնի պես մտածում էր, որ այդ տարածքները պետք է տան, և տվեց ամենախայտառակ ձևով, տվեց, մի բնա էլ ավել»:

Հրանտ Մարգարյանը նշեց, որ այս ընթացքում Ղարաբաղում եղել է մի քանի անգամ և տեսել է մարդիկ ինչպես են կռվում, մարդիկ ամենահուսահատ վիճակում ինչպես են կռվում, ինչպես են գիտակցաբար գնացել, մահվանը դիմագրավել: «Ես տեսել եմ դա և եթե այս ժողովուրդն այդպես է, ապա Լևոնն էլ է դատապարտված, Նիկոլն էլ է դատապարտված: Մենք մեր ձեռքով ենք բերել իրեն և հիմա մենք մեր ձեռքով պետք է շտկենք, երբեք ուշ չէ: Վստահ եմ, որ հաջողելու ենք»,- հայտարարեց նա:

Հարցին էլ՝ ժողովրդին չե՞ն ուզում ուղղորդել Փաշինյանի մոտ, քանի որ նա կոչ էր անում վրեժխնդրության, Հրանտ Մարգարյանն ասաց. «Դա հեռու է մեր տեսակից, որ մենք ուզենանք ֆիզիկապես վնասենք, մենք թշնամուն ենք վերացնում կռվի դաշտում, ոչ թե Երևանի մեջ։ Ինքը պետք է հրաժարվի, պետք է անցնցում իշխանությունը հանձնի, եթե նվազագույն չափով այս երկիրն իր համար արժեք ու կարևորույթուն ունի, նույնիսկ եթե իրեն մեղավոր չի զգում պետք է հեռանա այսօր, որ հնարավորություն ստեղծվի կորցրածը հետ բերելու, ինքը գիտակցաբար դա պետք է անի»,- ասաց Մարգարյանը։