Սիրո ձեռք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Չմոռանաս, որ տալով ես մեծապես շահում. տվեք և պիտի տրվի ձեզ, ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն

Հիսուս

Հունվարի 2

Դու պետք է օգնես, որ կատարվի ուրիշների փրկության գործը: Թույլ մի տուր երբեք, որ թեկուզ մի օր անցնի առանց Սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին. լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն:

Ուրախությամբ լցվիր: Ուրախությունը փրկում է: Ուրախությունը բժշկում է: Ուրախ եղիր Իմ Ներկայությամբ: Ուրախություն կա արևի ամեն մի ճառագայթի մեջ: Դու էլ ուրախություն դիր քո յուրաքանչյուր ժպիտի, կատարած ամեն մի բարի գործի, սիրալիր վերաբերմունքի և անգամ ամենաաննշան ծառայության մեջ:

Այնպես արա, որ ամեն օր կարողանաս բարձրացնել մի ուրիշ հոգի՝ մեղքի, հիվանդության ու երկմտության ծովից, որի մեջ հայտնվել է մարդը: Ես այսօր էլ քայլում եմ լճի եզերքով ու կանչում Իմ աշակերտներին, որ հետևեն Ինձ ու մարդկանց որսորդ դառնան:

Օգնող ձեռքի կարիքը միշտ կա, որ անօգնականին բարձրացնի ու մղի քաջության, պայքարի, հավատքի ու առողջության: Սիրիր ու խնդա: Սերը և ուրախությունը հենասյուներն են հավատքի, արիության ու հաջողության: Անդադար վստահիր, անդադար սիրիր և անդադար ուրախ եղիր:

Թող, հրաժարվիր ընկճվելուց, անտեսիր վերելքի բոլոր արգելքները: Սիրիր ու խնդա: Ես քեզ հետ եմ: Ես կտանեմ քո բեռները: Դիր քո բեռները Իմ ոտքերի մոտ և Ես քեզ զորավիգ կլինեմ: Իսկ դու կարող ես արդեն թեթևացած շուռ գալ և օգնել մեկ ուրիշին, որ կքել է իր բեռնրի ծանրությունից:

Քանի հոգու բեռ կկարողանաս թեթևացնել այս տարի: Քանի սիրտ կկարողանաս զվարթացնել: Քանի մարդու կկարողանաս իրապես օգնել: Չմոռանաս, որ տալով ես մեծապես շահում. տվեք և պիտի տրվի ձեզ, ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. Այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար: Այսպես Եմ ասել Ես՝ ձեր Տերը: