Երջանկություն

Երբ մենք սովորենք գնահատել մեր ներկան ու գոհանալ, վստահաբար կգտնենք այն, ինչ փնտրում ենք

kin

Երջանկություն փնտրում ենք  բոլորս: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ձգտում է լինել երջանիկ ու վայելել դրա բերկրությունը: Մեր ողջ կյանքն անցնում է երջանկության անհագ ձգտմամբ  կամ դրա անընդմեջ շարունակվող որոնումներով: Խոստովանենք, որ հաճախ երջանկությունը տեսնում ենք նյութական բարեկեցության, տարաբնույթ զվարճանքների կամ, այսպես կոչված, ցոպ ու շվայտ կյանքի մեջ:

Այս ամենը գուցե մեր աչքերում որոշակիորեն ունի իր «արդարացումն» ու դրդապատճառները, քանզի նյութական հարստությունն ու բարեկեցիկ կյանքը դեռ որևէ մեկին չի «խանգարել»: 

Միչդեռ ինքներս էլ գիտակցում ենք, որ իրական է հատկապես երջանկության հոգևոր ընկալումը, որովհետև այն նախևառաջ հոգևոր զգացմունք է, հոգևոր ապրում: Եթե մարդ հոգեպես խաղաղ ու երջանիկ չէ, ապա մնացյալ ամեն բան կյանքում կարող է իմաստազրկվել: Իսկ մեր ամենամեծ սխալը որոշ դեպքերում հենց այն է, որ այդ հոգևոր զգացումը փնտրում ենք մեզնից դուրս՝ հեռո-հեռուներում, մինչդեռ այն շատ հաճախ գտնվում է հենց մեր կողքին ու մեր մեջ: Այսպես է լինում, երբ չենք կարողանում կամ չենք ցանկանում գնահատել ներկա պահն ու դրա գեղեցկությունը:

Ուստի՝ երբ մենք սովորենք գնահատել մեր ներկան ու գոհանալ, վստահաբար կգտնենք այն, ինչ փնտրում ենք:

Անչափ կարևոր է նաև նշել, որ այս մոտեցումը ամենևին չի նշանակում չձգտել ավելիին, ինչպես նաև նշենք, որ վայելել հոգևոր երջանկություն, չի նշանակում հրաժարվել նյութական բարեկեցությունից: Խնդիրն այն է, թե այդ նյութական բարիքները, որքանով են ազդում մեր հոգևոր ինքնակերտվածքի վրա: Եվ եթե այդ ամենը պարզապես ծառայում է ոչ միայն  մեր բարեկեցությանը, այլ նաև դիմացինին օգտակար լինելուն, ապա ծնվում է հոգևոր արժեք, ինչը մեր պայքարն է և այդ պայքարի մեջ՝ երջանկության զգացումը:

qahana.am