Կիպրիանոս

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հավանաբար շատերս ենք լսել Կիպրիանոս կոչվող աղոթագրքի մասին, կամ էլ օգտվում ենք այդ գրքի զորավոր աղոթքներից։ Այժմ, որպես լրացուցիչ տեղեկություն, կարդացեք սուրբ Կիպրիանոսի հոգեշահ ու զարմանալի դարձի վկայության մասին։
«Ես, Կիպրիանոսս, Աստծո ծառան Անտիոք քաղաքից, ազգությամբ հույն, հեթանոսի որդի, հորս անունը Եդեսիա, մորս՝ Կղոդիա, երբ ծնվեցի մորս որովայնից, իմ ծնողները նվիրեցին ինձ դիվական ուսուցման, որ դառնամ կուռքերի պաշտոնյա։ Եվ տվեցին ինձ գիտություն և կախարդական գրերի ուսուցում, առավել քան Սիմոն մոգն ու Նաքովրը, և հասա ամենայն հնարագիտության. բազում անգամ օդ էի բարձրանում, կախարդությամբ գնում էի ծովի վրայով և իմ հրամանով դևերի գնդերը, ամեն ժամանակ ինչ մտածում էի, կատարում էին իսկույն։
Բարձրանում էի ապարանքներն ու պալատները, արեգակի շավիղներով էի քայլում, լուսինն էի դիտում երես առ երես, ու իմ երեսը փայլում էր, ինչպես մի լույս և մեծ ուրախությամբ կատարում էի չար դևերի կամքը. ու մոլորված չար գործերում չէի ճանաչում Աստծուն։ Գայթակղեցնում էի բոլորին իմ չար արվեստի միջոցով՝ վերցնելով ոմանց աչքի ցավը, ոմանց գլխացավը, ոմանց ջերմը, ոմանց էլ՝ զանազան հիվանդությունները, ոմանց էլ երեսի գույնն էի փոխում, ոմանց էլ միտքն էի մոլորեցնում, ոմանց ատելի էի անում իրենց ազգի մեջ, ամուսնուն ու կնոջն էի կռվեցնում, և դառնում էին ատելի միմյանց, ու այլ բազում դիվական չար գործեր էի անում երկրի վրա. ու այնքան հմուտ էի դիվական հնարքների մեջ, որ այլևս չկար ինձ համար հնար, գործ ու խորհուրդ, որ չիմանայի։ Գիտեի նաև դևերի բազմության մասին, որ, ինչպես աղբյուրից ջուրն է բխում, այդպես էլ նրանք են դուրս գալիս իրենց որջերից և պատրանքներով խաբում մարդկանց որդիներին, որոնք Աստծուն չէին ճանաչում։
Ես կախարդությամբ կապում էի երկինքը և այն անձրև չէր տալիս, և ոչ էլ սերմն էր բուսնում, ոչ էլ ծառերն էին պտղակալում, ոչ էլ ծովն ու գետերն էին ձուկ տալիս, ոչ էլ աղբյուրներն էին բխում։ Թռչունները օդ չէին բարձրանում իմ հրամանով, անասունները չէին հղիանում ու ծնում, կանայք նույնպես ամլանում էին, զեռունները չէին վխտում, վաստակավորները չէին վաստակում, վաճառականները չէին վաճառում։ Հազար հարյուր յոթանասուն աղանդավոր այր ու կանանց մոլորեցնողն էի»։
Եղավ այնպես, որ մի երիտասարդ, անունը Ագղավիդոս, ցանկացավ մի գեղեցիկ կույսի կնության առնել, որի անունը Հուստիան էր, բայց չէր կարողանում, չնայած կույսին ուղարկել էր բազում թանկարժեք նվերներ, գեղեցիկ հանդերձներ, ոսկի և արծաթ, բայց կույսը անարգելով ամեն հարստություն՝ հետ էր դարձրել այդ բոլորը։ Երիտասարդը այդ բոլորը վերցնելով՝ գնաց այդ կախարդի՝ Կիպրիանոսի մոտ, որը խոստացավ կույսի սիրտը նրան դարձնել։ Եվ կախարդը մի դևի ուղարկում է Հուստիանի մոտ, բայց նա Սուրբ աղոթքով հալածում է նրան, որը վերադառնալով՝ սարսափած խոստովանում է, որ չի կարողանում հաղթել, որովհետև կույսն իր վրա մի նշան է անում, որը քշում է դևերին։ Այդ ժամանակ Կիպրիանոսը կույր ու խուլ մնաց Տիրոջ Խաչի նշանի զորության հանդեպ, և նորից ուղարկեց կատաղի պոռնկության մի դևի՝ Հուստիանին գայթակղելու նպատակով, որը նրա երևակայության մեջ պատկերում է երիտասարդ Ագղավիդոսի պատկերը, և ցանկասիրական մտքերով փորձում գայթակղել նրան, բայց սուրբ կույսը քուրձ հագնելով, ջերմեռանդ աղոթքներով ու մարմինը պահքով ու ծոմով տկարացնելով՝ հաղթում է իր մեջ առաջացած ցանկությանը, և ամոթահար ու պարտված դևը վերադառնում է Կիպրիանոսի մոտ։ Այդ ժամանակ կախարդը կանչում է դևերի իշխաններից մեկին ու տեղեկացնում է ուղարկված դևերի անզորության մասին ու խնդրում է նրա օգնությունը։ Նա խստությամբ հանդիմանելով առաջին երկուսին, որ չեն կարողացել նրա սրտի մեջ քաղցրացնել շնությունը, Կիպրիանոսին խոստացավ անձամբ որևէ կերպ գայթակղեցնել կույսին։
Ազատվելով իր մեջ եղած ցանկասիրությունից՝ Հուստիանը գտնվում էր իր սենյակում։ Նա հենց նոր էր ավարտել իր աղոթքն ու ընթերցանությունը և հանգստանում էր, ու սիրտը լեցուն էր երկնային կատարելության ձգտումով։
Հանկարծ ներս է մտնում աղախինը և ասում է. «Տիրուհի, ինչ-որ մի կին ուզում է քեզ տեսնել, քանզի քո խորհուրդն է ուզում իմանալ իր վշտի համար»։ «Մի՞թե ես պետք է ինչ-որ մեկին կարողանամ սովորեցնել»,-հեզությամբ պատասխանում է Հուստիանը։ «Բայց Նա պնդում է ու աղաչում, որ տեսակցի, քանզի այնքա՜ն վշտացած է երևում»,-շարունակում է համոզել աղախինը։ «Դե լավ, թող գա», ¬համաձայնում է կույսը։
Դուռը բացվում է, և ներս է մտնում երիտասարդ մի կին։ Հուստիանը նրան է նայում իր սովորական բարեհամբույր հայացքով, սիրով ընդունելով նրա բարևը։
Կինը նստեց ու իր վշտացած ու խամրած հայացքն ուղղեց աղջկա վրա, բայց երբ Հուստիանը վեր կացավ ինչ-որ բան վերցնելու, օձի հայացքն ու չարությամբ լեցուն ծաղրանքը փայլեցին հյուրի աչքերում, իսկ երբ նորից աղջիկը հայացքը դեպի նա դարձրեց, այն իսկույն փոխվեց վշտի և անհուսության։
«Ի՞նչ ես ուզում ինձնից»,- մեղմությամբ ու սրտացավությամբ հարցրեց Հուստիանը։ «Ես այրի եմ, ու հայրս ուզում է ինձ բռնի ամուսնացնել երկրորդ անգամ, բայց ես չեմ ուզում,- արցունքոտ աչքերով ասում է հյուրը,- ես լսել եմ քո սրբակենցաղ կյանքի մասին ու այժմ եկել եմ քեզնից հոգևոր իմաստություն ստանալու»։ «Իզուր ես դու իմ մասին այդքան բարձր մտածում,¬ ասաց աղջիկը,- ես մեղավոր մարդ եմ, ինչպես բոլորը, և նույնիսկ ավելի, քան նրանք...»։ Եվ ավելացրեց. «Ես, որ բոլորից էլ մեղավոր եմ, ինչպե՞ս կարող եմ քեզ խորհուրդ տալ»։ «Այդ դո՞ւ ես մեղավորը,- քծնանքով բացականչեց հյուրը, ու այդ ժամանակ նրա աչքերը հիացմունքից փայլեցին,- օ,՜ ինքդ քեզ մի վատաբանիր, որովհետև սուրբ ու անարատ աղջիկ ես»։ «Մի գովաբանիր ինձ,- տխրությամբ արտասանեց Հուստիանը,- ես ապրում եմ միայն Աստծո ողորմությամբ և Նրա կարիքը ունեմ»։ «Ասա՛ ինձ, խնդրում եմ, ի՞նչ պարգև է սպասվում մաքուր և նեղությամբ ապրած կյանքի համար»,- հարցրեց այրին: «Անհնար է ասել, թե ինչ մեծ է սրբությամբ ապրողների պարգևը,- ասաց Հուստիանը, ¬ու զարմանալի է, որ հրեշտականման այդ մաքրության համար մարդիկ բոլորովին հոգ չեն անում»։
Կինը մի խոսքից մյուսին անցնելով՝ խորամանկությամբ ու անամոթությամբ սկսեց հրապուրել նրան՝ ասելով. «Ինչպես կարող էր աշխարհը գոյություն ունենալ, և ինչպես պետք է մարդիկ ծնվեին, եթե Եվան պահպաներ իր կուսությունը։ Եվ ամուսնությունը հիանալի է, որովհետև Աստված է հաստատել այն, ինչը գովում է Սուրբ գիրքը։ ՈՒ շատ սրբեր ապրել են ամուսնացյալ վիճակում, և Աստված է նրանց տվել այդ մխիթարությունը. իրենց երեխաներին նայելով՝ ուրախացել և օրհնել են Աստծուն»։
Կինը կարծես թե խոսում էր պարզ ու ազնիվ, բայց ամեն բառի արանքում ինչ-որ ցանկալից մի բան էր անցնում անտեսանելի հովի նման, կարծես թե այդ բառերի արձագանքով ուզում էր գայթակղեցնել ու խաբել լսողին։ «Այս ձևով,- մտածեց Հուստիանը,- կարող է խոսել միայն ճարտար խորամանկությամբ լեցուն գայթակղիչ սատանան»։ ՈՒ այլևս չշարունակելով սկսված խոսակցությունը, Հուստիանն իսկույն Քրիստոսի Խաչին ապավինելով խաչակնքեց երեսը` սրտով իր Երկնային Փեսային դիմելով, և նույն պահին աներևույթ դառնալով՝ դևը չքացավ։
ՈՒ դևերի նախկին հպարտ իշխանը ահով, դողով վերադարձավ Կիպրիանոսի մոտ:
«Ի՞նչ եղավ քեզ, որ այդպես սարսափած փախել ես այնտեղից,- հարցրեց նրան կախարդը,- այդ ի՞նչ անհայտ զորությամբ են ձեր ունեցած զորությունը ոչնչացնում»։
Պատասխանում է դևը Կիպրիանոսին. «Երդվի՛ր, որ մեզ չես ուրանա, և ես կասեմ քեզ Խաչի նշանի խորհուրդը»։
Կիպրիանոսը ստությամբ երդվում է, որ չի ուրանալու նրանց պաշտամունքը, որից հետո դևը պատմում է նրան Աստծո արարչագործության մասին, և հասնում է մինչև Հիսուսի խաչելությունը, հարությունը և համբարձումը, և ասում է, որ Նա վերադառնալու է երկրորդ անգամ և դատելու է ողջերին ու մեռյալներին, իսկ իրենց կրակի լիճն է նետելու, այդ պատճառով սարսափում ու դողում են Խաչի նշանից, որով Նա հաղթել է իրենց իշխանին։
Կիպրիանոսը, լսելով այդ անունը, անբացատրելի ատելությամբ լցվեց Նրա հանդեպ, ու տենդագին քրքրելով իր կախարդության գրքերը՝ սկսեց ամենազորավոր գաղտնահմայությունը կատարել։ Նրա առջև դրված կրակարանից ծխի քուլաներ էին բարձրանում, իսկ դիմացի հայելու մեջ արտացոլվում էր շարունակ աղոթող Հուստիանը։ Կիպրիանոսի դեմքը բարկության ու խստության հետ մեկտեղ վճռականություն էր արտահայտում, նա անհասկանալի լեզուներով ինչ-որ հմայություններ էր արտասանում և ինչեր ասես չէր դնում հրով բորբոքված կրակարանում. է՛լ Նեղոսի կոկորդիլոսի սիրտ, է՛լ Արաբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի զանազան ու հազվագյուտ խոտեր, և այդ պահին կարծես նա հրամայում էր կատաղի ու անտեսանելի տարրերին։
Վերջապես ավարտվեց սարսափելի կախարդությունը, սառը քրտինքը հոսում էր նրա հրացայտ դեմքից. բայց ամեն ինչ իզուր էր. հայելու մեջ նորից արտացոլվում էր ակնդետ հայացքը երկինք հառած ու անդադար աղոթող Հուստիանը։ Եվ ահարկու զայրույթով բռնկված կախարդը գոռաց սարսափազդու ձայնով. «Միևնո՜ւյն է, հաղթանակն ի՛մն է լինելու, ե՞ս պետք է հուսահատվեմ, որ հրամայել եմ մարդկանց մտքերին ու ձգտումներին, որ նրանց սրտերի հետ խաղացել եմ, ինչպես խաղաքարերի հետ»։
Բայց հանկարծ այդ գերագույն լարումից ուժասպառ Կիպրիանոսի հայացքը խամրեց, և դեմքը դարձավ անկենդան ու դալուկ. չտանելով մի քանի ամսվա պայքարի լարվածությունը՝ նա անզգա գետին տապալվեց: Բայց միևնույն է, նրա հպարտ ու դիվական համառությունը չդադարեց հրաբուխի նման ժայթքելուց, ու սատանայի դրդմամբ նորանոր հնարքներ էր մտածում Հուստիանին գայթակղելու համար, բայց Խաչը Աստծո զորությամբ միշտ հաղթող էր դուրս գալիս այդ բոլորի դեմ, որովհետև Քրիստոսի աղախինը անդադար աղոթքների մեջ էր։
Եվ մի օր, Կիպրիանոսն իր դյութության արվեստի հինավուրց ու բազմաթիվ գրքերը, կախարդանքի առարկաներն ու զանազան հմայիլներն ուշադիր զննելով (դրանց միջոցով նա ժամանակին իր կամքի յուրաքանչյուր ցանկություն կարողացել էր գործի դնել, և նրա ոտքերի տակ իշխանազուններ ու հարուստներ էին ծնկի եկել իրենց խնդրանքներով, ազնվազարմ ու գեղանի կանայք էին թավալվել իր առջև, որ արժանանան մեծ մոգի հաճությանը), պարտվածի հիասթափությամբ այս ու այն կողմ շպրտեց այդ անզոր անպետքությունները, գիտակցելով, թե ում դեմ է գործում և ինչ զորությամբ։
Եվ փխրուն աղջնակ Հուստիանը իր մտքից այլևս դուրս չէր գալիս, քանզի նրա միջոցով Աստված գործի էր դրել մի զորություն, որ վեր էր իր իմացած տիեզերական ահռելի ուժերից: Նրա միտքն ու սիրտը ձգտում էին այդ անտեսանելի, անծանոթ, ահավոր ուժին, որը մի նշանով ցրում էր իր իմացած բոլոր հնարամտություններն ու մինչ այդ զորավոր կարծված կախարդական հմայությունները: Եվ հենց այդ պահին երկնային պայծառ ասուպի նման հստակ մի միտք ճառագեց նրա մթագնած ուղեղում. եթե Խաչի նշանը այդքան զորություն ունի, ապա որչա՜փ առավել Խաչյալը կունենա։
Եվ մոլորյալ մարդը ճանաչեց իր Արարիչ ու Տեր Աստծուն։
Եվ այդ մտքից պայծառացած՝ ծնկի գալով նա արտասվախառն զղջումով խոստովանում է իր մեղքերի հետ նաև պարտությունը՝ ասելով. «Ես հավատում եմ Քրիստոս Աստծուն և Նրա Խաչի զորությանը. Ամենակալ Հայր Աստծուն, իսկ կուռքերը դևեր ու չար սատանաներ են...»: Դրանից հետո որպես ճշմարիտ դարձի ապացույց, այրեց կախարդության արվեստի մեծարժեք գրքերը, գնաց իրենց քաղաքի եպիսկոպոսի մոտ, խոստովանեց իր մեղքերն ու մոլորությունները ու մկրտվեց Սուրբ Երրորդության անունով։
Եպիսկոպոսը հետագայում տեսնելով նրա անբասիր քրիստոնեական վարքը՝ շուտով նրան քահանա ձեռնադրեց, իսկ շատ չանցած՝ որպես եպիսկոպոս, որ ծառայի միայն իր Տեր Աստծուն՝ ամենուր վկայելով իր դարձի պատմությունը, Խաչի զորության ու Խաչյալի մարդասիրության մասին։
Զարմանալի է նաև այս սքանչելի պատմության վախճանը. երբ Դիոկղետիանոս կայսրը սկսում է իր հալածանքներն ընդդեմ եկեղեցու ու նրա բոլոր քրիստոնյա հավատացյալ զավակների, Կիպրիանոսին բռնում են Անտիոք քաղաքում ու նրա հետ մեկտեղ Հուստիան կույսին։ Երկար համոզելուց ու հարցաքննելուց հետո դատավորը, համոզվելով նրանց հավատի անդրդվելիության մեջ, հրամայում է երկուսին էլ ողջ-ողջ գցել եռացող կաթսայի մեջ, որտեղից Տերը մեծ հրաշքով երկուսին էլ ազատում է՝ որպես վկայություն բոլորովին անվնաս պահելով իր զավակներին։ Դատավորը տեսնելով այդ հրաշքը, որոշում է նրանց անձամբ Դիոկղետիանոս կայսեր մոտ ուղարկել, որը պիտի Նիկոդիմիա քաղաքը գնար՝ նոր կրկեսի բացման առթիվ։ Հենց այնտեղ էլ նա նրանց մահվան դատապարտության վճիռն է կայացնում՝ հրամայելով կտրել գլուխները, որովհետև շատ դեպքերի էր ականատես եղել, թե ինչպես կրկեսում վայրի գազանների առջև նետված քրիստոնյաներին արյունարբու գազանները երկնչել են մոտենալ, քանզի Տիրոջ հրեշտակները իրենց անտեսանելի ներկայությամբ պահել են նրանց վտանգից: ՈՒ կայսրը, վախենալով, որ նման դեպք կարող է լինել, որոշում է երկուսի գլուխները կտրել տալ։
Նույն գիշեր մի քանի աստվածավախ նավաստիներ նրանց մարմինները գաղտնի տեղափոխում են Իտալիա։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Աղբյուրը՝ irates.am