«Գազպրոմն» էլ «բեզռազմեռնի» չէ. Մելքումյանը՝ գազի գնի մասին

Երբ գազի գինը սահմանին բարձրանում էր, «Գազպրոմ-Արմենիան» իր վրա վերցրեց թանկացման բեռը, թեև արդեն իսկ վնասով էր աշխատում
Միքայել Մելքումյան

Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկան պետք է ԵԱՏՄ-ում գործեր 2021 թվականից, իսկ հիմա հետաձգվել է մինչև 2024-2025 թվականներ։

Նա նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին հարցրեց, թե ինչ է արվում գազի գնի որոշման հարցում։ Ապա ավելացրեց, որ երբ գազի գինը սահմանին բարձրանում էր, «Գազպրոմ-Արմենիան» իր վրա վերցրեց թանկացման բեռը, թեև արդեն իսկ վնասով էր աշխատում։

«Բայց ոնց-որ Լարսի խողովակը ասեցի, դա էլ «բեզռազմեռնի» չէ … այսինքն՝ եթե հիմա հանկարծ գազի գինը սահմանին դառնա 180-185 դոլար, էդտեղ կարո՞ղ է հանկարծ մեկ էլ հարց առաջանա «Գազպրոմի» գործունեության ընդհանրապես արդյունավետության հետ»,- հարցրեց Մելքումյանը։

Փոխնախարարը ասաց, որ գազի միասնական գնի որոշումը նաև Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է և հիշատակվում է ԵԱՏՄ բոլոր հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Հայաստանի համար գազի գնի որոշմանը, փոխվարչապետը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, քանի որ չի մասնակցում բանակցություններին։