Նախարարությունների կրճատման նպատակը փող խնայելը չէ. Փաշինյան

Նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը

Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք խոսք ենք տվել, որ կառավարության կազմը պետք է փոխվի, նախարարությունների թիվը պետք է կրճատվի. մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով:

Այս մասին, այսօր կառավարության նիստ ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նպատակն ամենևին էլ փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա միակ նպատակն է, որ կարելի է և արժե ձևակերպել: Այս առումով մեզ լուրջ աշխատանք է սպասվում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ֆորմատներով և այդ քննարկումները կրելու են շարունակական բնույթ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով իրենք  կլսեն բոլոր տեսակետները հնարավոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնեն առավել բալանսավորված որոշում:

«Մենք իհարկե, կգնանք հետևողական, հաստատուն, մտածված քայլերով և համոզված եմ, որ արձանագրված լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և պետք է հոգացնեն բոլոր այն մարդկանց, որոնք մտահոգված են ՀՀ-ում պետական կառավարման արդյունավետության խնդիրներով»,-ասաց նա: