Չկա անհանգստություն՝ կապված «Սանիթեք» ընկերության արբիտրաժային դատարան դիմելու հետ

Հայկ Մարությանն ընդգծել է, որ առաջիկա ամիսներին վերջնականապես կավարտվի տեխնիկայի եւ կադրերի ներգրավման գործընթացը աղբահավաքման հարցով

Մենք ոչ մի անհանգստություն չունենք՝ «Սանիթեքի» արբիտրաժային դատարան դիմելու հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 8-ին ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ ավելի շատ հարցեր է առաջացնում «Սանիթեքի» հետ պայմանագրի կնքման գործընթացը, ինչպես նաեւ ընկերության ողջ գործունեությունը։ «Այս հարցով մենք արդեն մի անգամ դիմել ենք դատախազություն եւ փաստերի հավաքումից հետո նորից կդիմենք»,- նշել է նա։

Հայկ Մարությանն ընդգծել է, որ առաջիկա ամիսներին վերջնականապես կավարտվի տեխնիկայի եւ կադրերի ներգրավման գործընթացը աղբահավաքման հարցով, եւ հիմա արդեն նկատելի է դրական արդյունք։ «Այժմ արդեն կան 4 հազար աղբամաններ, այն դեպքում, երբ նախատեսված է ընդհանուր առմամբ քաղաքն ապահովել 9 հազար աղբամաններով։ Բացի այդ, նախատեսված է մեքենաների թիվը հասցնել 54-ի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ չկա անհանգստանալու առիթ, թե կարող է ստեղծվել իրավիճակ, որը տեղի ունեցավ «Սանիթեք» ընկերության հետ, որը միակ օպերատորն էր, քանի որ այս պարագայում ամբողջ պատասխանատվությունն ուղղակի կրելու է քաղաքապետարանը։

Մարությանը նշեց, որ հարցի համակարգային լուծման համար տարվում է միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանք, եւ փոխվարչապետի մակարդակով պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ եւ քննարկումներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին իր հրապարակային ելույթում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ պայմանագրերը «Սանիթեքի» հետ լիովին խզված են։