Պարոն Գաբունիան ինձ համար այլեւս լրագրող չէ. Պոզներ

Ամեն մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, սակայն ոչ մեկն իրավունք չունի մեկ ուրիշին վիրավորելու եւ օգտագործելու անվայելուչ բառապաշար, եւ սա հատկապես վերաբերում է լրագրողներին

Լրագրող Վլադիմիր Պոզները մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» ալիքում սկանդալը, որի աշխատակիցը եթերում հայհոյել էր Վլադիմիր Պուտինին:

«Ցանկացած երկրում, համենայնդեպս՝ ինձ ծանոթ, լրագրողը, որն իրեն թույլ կտար այն, ինչ թույլ տվեց պարոն Գաբունիան, կհեռացվեր եւ հազիվ թե կարողանար այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել»,- իր կայքում նշել է Պոզները:

Նրա խոսքով՝ ամեն մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, սակայն ոչ մեկն իրավունք չունի մեկ ուրիշին վիրավորելու եւ օգտագործելու անվայելուչ բառապաշար, եւ սա հատկապես վերաբերում է լրագրողներին:

Վրաստանում հիմա «ձայների համար պայքար» է ընթանում, որում կարող է հաղթել նա, «ով ավելի հմտորեն կխաղարկի ռուսատյացության քարտը», կարծիք է հայտնել հեռուստահաղորդավարը:

«Պարոն Գաբունիան անձամբ ինձ համար այլեւս լրագրող չէ՝ ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքների խախտման»,- եզրափակել է Պոզները: