Ինչն էր տարել վարչապետ Փաշինյանին Վիետնամ ու Սինգապուր, և ինչ սպասել այդ այցերից

Վիետնամը թեև զարգացած երկրների շարքին չի պատկանում, այնուամենայնիվ, տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ասիական երկրներ: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը Վիետնամում էր, հուլիսի 7-ին մեկնել է Սինգապուր: Ի՞նչ է փնտրում Հայաստանն այս երկրներում և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»,- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանը և Արմեն Վարդանյանը:

 

Հակոբ Բադալյանի խոսքով՝ Վիետնամը թեև զարգացած երկրների շարքին չի պատկանում, այնուամենայնիվ, տնտեսական հետաքրքրություն է ներկայացնում, և այս երկրի հետ հնարավոր է հիմնել տնտեսական գործակցության հեռանկարներ: «Դա կախված է հետագայում գործարար շրջանակների շփումներից: Վիետնամը հետաքրքրություն ներկայացնող գործընկեր է և տնտեսական կայուն զարգացում ունի, տնտեսական առումով ունի բավականին մեծ ներուժ, և այս տեսանկյունից զարմանալի չէ, որ հայտնվել է Հայաստանի ուշադրության կենտրոնում»,- նշեց վերլուծաբանը:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը հարավ-արևելյան երկրները պետք է որպես թիրախ վերցնի, որովհետև այդ երկրները շատ արագ զարգացող շուկաներ ու տնտեսություններ ունեն: Բացի դրանից՝ կա նաև տեղեկություն, որ Վիետնամը հայկական կոնյակի սիրահար երկիր է և, թերևս, հնարավորություն կա հայկական կոնյակ արտահանել և հաստատվել այդ շուկայում: «Հենց այնպես այցեր չեն լինում. սա շատ կարևոր այց է»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ոչ միայն հայկական կոնյակով, այլ նաև այլ ապրանքատեսականիով հնարավոր է որոշակի դիրք զբաղեցնել այդ շուկաներում:

Անդրադառնալով վարչապետի սինգապուրյան այցին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ընդգծեց, որ այն շատ կարևոր է հատկապես Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության համատեքստում: «Խոսվեց տնտեսականի մասին, կարելի է նաև քաղաքական տեսանկյունն ավելացնել: Չմոռանանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մասին, որը հարավային Ասիան կապում է Եվրոպայի հետ, և հույս ունենք, որ նրա մի ճյուղը կանցնի Հայաստանով, դրանով հետաքրքրված են թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը, և այս համատեքստում այդ երկրները կարող են լինել այս ծրագրին միացող կողմեր, և երկկողմանի ապրանքաշրջանառությունը կարող է մեծ օգուտներ բերել թե՛ նրանց, թե՛ մեզ»: