Դիլիջանում կմեկնարկի «ImKino» միջազգային կինոլաբորատորիան

Նպատակն է, համախմբելով գիտելիքները և փորձը, մասնակիցներին՝ իրենց ամենախենթ և հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչելու և բոլորիս հետ դրանցով կիսվելու հնարավորություն ընձեռել

Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Դիլիջանի “Park Resort & Villas” հյուրանոցում կանցկացվի իր տեսակի մեջ եզակի «ԻմԿինո» (ImKino) միջազգային կինոլաբորատորիան, որի հեղինակն է Մարիամ Մանոն և նրա ընկեր ու գործընկեր Օլգա Կռիլովան: Նախագիծն իրականացվում է  Audition Tape Lab Moscow-ի և ProRental Armenia-ի հետ համատեղ ջանքերով:

Ի դեպ, ծրագրի աջակիցներն են «Կինոկետ Փրոդաքշնս»-ը, Fibonacci Media House-ը և Kinolift.ru կայքը:

Կինոլաբորատորիայի նպատակն է, համախմբելով գիտելիքները և փորձը, մասնակիցներին՝ իրենց ամենախենթ և հետաքրքիր մտահղացումները կյանքի կոչելու և բոլորիս հետ դրանցով կիսվելու հնարավորություն ընձեռել:

Մասնակիցները 12 օրերի ընթացքում գործնականում կկիրառեն իրենց տեսական գիտելիքները, կթարմացնեն դրանք և լրացուցիչ գիտելիքներ ձեռք կբերեն: Նրանց հանձնարարվելու է տարբեր ժանրերում կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Պրոցեսի ողջ ընթացքին հետևելու և իրենց խորհուրդներով մասնակիցներին օգնելու են Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված մասնագետները:

Նշենք, որ Ռուսաստանից ծրագրին է միացել սցենարիստ և պրոդյուսեր Օլեգ Բոգատովը (“Счастье – это… Часть 2”), որը վարելու է սցենարի դասընթացը, ինչպես նաև քասթինգ տնօրեն և քոուչ Կարինա Ռոմանովան, որը կզբաղվի նախագծերի քասթինգով և կվարի «դերասանի աշխատանքը տեսախցիկի հետ» կուրսը: Վրաստանից ծրագրին է միացել Օսկարի և «Ոսկե Գլոբուսի» թեկնածու ռեժիսոր Զազա Ուրուշաձեն, որը կվարի կինոռեժիսուրայի կուրսը: Հայաստանից մասնակիցների հետ կաշխատեն բեմադրող օպերատորներ Սուրեն Թադևոսյանը, Վիկտոր Միխայլովը, Արտյոմ Աբովյանը, ինչպես նաև մի խումբ կամավորներ, որոնց թվում են օպերատորներ, դիմահարդարներ և նկարիչներ:

«ԻմԿինո» ստեղծագործական անկախ հարթակը միշտ բաց է համագործակցության և հովանավորչության առաջարկների համար։
Այս հարթակը կնպաստի Հայաստանում կինոոլորտի զարգացմանը՝ կինոկրթության, գիտելիքների և փորձի փոխանակման միջոցով:
Բաց մի՛ թողեք այս ֆանտաստիկ միջոցառման մասնակիցը դառնալու ձեր բացառիկ հնարավորությունը:

Դիմումների վերջնաժամկետը հունիսի 25-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար հետևեք նախագծի ֆեյսբուքյան էջին: