Պաշտպանված լինելու բերկրանքը

Ուրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ, այս ամենը գողացվում են ձեզնից՝ կասկածամտության, վախի ու հուսահատության պատճառով


Մայիսի 11

 

Հեռու վանեք նեղության ու կասկածի ամեն մի մտածմունք: Մի թողեք, որ դրանք ձեր մտքում մնան անգամ մի րոպե: Ծածկեք ու փակեք ձեր հոգու դռներն ու պատուհանները դրանց ներխուժման դեմ, ինչպես որ ձեր տան դռներն եք փակում գողերի դեմ, որ ներս մտնելով՝ չգողանան ձեր ունեցվածքը:

Ուրախություն, հանգստություն, խաղաղություն. սրանցից ավելի մեծ ի՞նչ գանձեր կարող եք դուք ունենալ: Այս ամենը գողացվում են ձեզնից՝ կասկածամտության, վախի ու հուսահատության պատճառով:

Դիմավորեք յուրաքանչյուր օր սիրով ու խնդությամբ: Դիմավորեք փոթորիկը երես առ երես: Ուրախությունը, խաղաղությունը և Սերը Իմ ամենամեծ պարգևներն են: Ես կամենում եմ, որ դուք այս պահին ու այսուհետ զգաք պաշտպանվածության ու ապահովության հրճվանքը: Այս բանը որևէ մեկը կարող է զգալ բաղձալի նավահանգստում, բայց իրական ուրախությունը և հաղթանակը գալիս է միայն նրանց, ովքեր կարող են այս զգալ, երբ նավարկում են փոթորկահույզ ծովում:

Ասեք՝ Ամեն ինչ լավ է: Ասեք այս ոչ իբրև անիմաստ մի կրկնություն: Օգտագործեք այս բառերը, ինչպես կօգտագործեիք բուժիչ դեղը՝ կտրվածքի կամ վերքի դեպքում. գործածեք այս, մինչև որ թույնը դուրս քաշվի, մինչև որ բժշկվի վերքը, մինչև որ ձեր էությունը համակվի Նոր Կյանքի հրճվանքով: Մի մոռացեք՝ Ամեն ինչ լավ է: