Ցոլացրեք Ինձ

Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ, սակայն մարդն այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ


 

Մարտի 16

 

Իմ որդիներ, Ես այստեղ եմ՝ ձեր կողքին: Հոգով մոտեցեք Ինձ: Հեռու վանեք ձեզնից աշխարհի ձգող գայթակղությունները: Ես ձեր Կյանքն եմ, ասել է, թե՝ ձեր հոգու շունչը: Աշխատեք ավելի լավ հասկանալ նշանակությունը այս բանի, երբ փակվում, առանձնանում եք ձեր էության գաղտնի Վայրում, որը միաժամանակ գաղտնի վայր է նաև Ինձ համար:

Ճիշտ է, որ Ես սպասում եմ շատերի սրտի մեջ, սակայն ափսոս, որ շատ քչերն են առանձնանում իրենց էության ներսում՝ Ինձ հետ հաղորդակցվելու համար: Ուր Հոգին է, Ես այնտեղ եմ: Քիչ են նրանք, որ հասկանում են այս ճշմարտությունը: Արդարև, Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ, սակայն մարդն այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ:

Գիտակցու՞մ եք, արդյոք, որ Ես ձեզ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ եմ հայտնում, ոչ թե կրկնում եմ արդեն հաճախ ասված իրողությունները: Մտածեք Իմ բոլոր ասածների վրա: Ձեր սեփական եզրակացություններին մի հանգեք, այլ պարզորեն ընդունեք Իմ հայտնած ճշմարտությունները:

Դարեր շարունակ մարդիկ շատ մանրակրկիտ կերպով ասել են, թե ինչ են մտածում Իմ ճշմարտությունների մասին, սակայն այդպես վարվելով՝ սխալվել են մեծապես: Դուք Ինձ նայեք, խոսեք Ինձ հետ, ցոլացրեք Ինձ: Մի ասեք ձեր մտածածը Իմ մասին: Իմ բառերը, Իմ խոսքերը ձեր բացատրության կարիքը չունեն: Ես կարող եմ ըստ հարկի բացատրել դրանք ամեն մի մարդու:

Ինձ նայեք իբրև կենդանի իրականության և թույլ տվեք, որ Ես Իմ Գործը կատարեմ ձեր մեջ: Որևէ մի հոգու դարձի բերելն ու դեպի Ինձ առաջնորդելը հրաշալի բան է, բայց նրան Իմ Խոսքերը մեկնաբանելը իրապես ավերում է առաջին գործի մեծությունը: Այդպես է նաև մարդու և Իմ հարաբերությունը. Հոգու և Իմ, այսինքն՝ Հոգու և Արարչի հարաբերությունը: Իմ իրական Հոգին է, որ հասկանում է մարդուն: