Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում

Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո, Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների մասին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը:

Այս առնչությամբ, ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Հավասարապես պաշտպանված պետք է լինեն նաեւ այն երեխաները, ովքեր մեծանում եւ իրենց դաստիարակությունը ստանում են մանկատներում կամ այլ հաստատություններում:

Դրանով հանդերձ, բոլորիս առաջնահերթ խնդիրներից է մեր երեխաների պաշտպանությունը ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգություններից: Ցավոք, մեր երկրում առկա են սեռական բնույթի, այդ թվում՝ ծանր հետեւանքներ ունեցող ոտնձգություններ երեխաների նկատմամբ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները: Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ:

Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են եւ մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են: Իրազեկման աշխատանքներն ինքնին կարեւոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել եւ իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան։

Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած սոցիալական ցանցերի դիտարկումն արձանագրել է, որ քննարկումները հաճախ ուղեկցվում են վիրավորանքով եւ արժանապատվությունը նսեմացնող գրառումներով ու մեկնաբանություններով: Այս ամենն, իհարկե, խաթարում է հանրային քննարկման ընթացքն ու թույլ չի տալիս հասկանալ քննարկվող հարցի էությունը:

Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջեւ եւ բոլոր քաղաքացիների պաշտպանությունը վիրավորանքից, արժանապատվությունը նսեմացնող խոսքից ու բռնության սպառնալիքից:

Մարդու իրավունքների պաշտպանը, կարեւորելով առհասարակ իրազեկման աշխատանքները եւ ունենալով այդպիսի իրավական մանդատ, կուսումնասիրի ոլորտը՝ համապատասխան քայլեր նախանշելու ու ձեռնարկելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն: