Երրորդ համաշպարհային պատերազմ կարող է սկսվել Հայաստան-Ադրբեջան առճակատման սրացումից

The National Interest-ը վարկածներ է ներկայացրել

Հայտնի ամերիկացի լրագրող, քաղաքագետ Ռոբերտ Ֆարլին հրապարակել է The National Interest վերլուծական հանդեսում իր հերթական ամենամյա կանխատեսումն այն մասին, թե աշխարհաքաղաքական ներկա իրադրության պայմաններում, ինչ հնարավորություններ կան Երրորդ Համաշխարհային պատերազմի սկսման համար։ Ֆարլին գրել է, որ մի կողմից Չինաստանի ռազմական ու տնտեսական հզորության աճը, մյուս կողմից աշխարհակարգին չենթարկվելու Ռուսաստանի քայլերը կարող են հանգեցնել այն բանին, որ հաջորդ տարի սկսվի լուրջ հակամարտություն խոշոր տերությունների միջեւ եւ ավելի հավանական դառնա Երրորդ Համաշխարհային պատերազմի լինելիությունը։

Այսպես, ըստ վարկածներից մեկի, չին-ամերիկյան առեւտրային պատերազմը կարող է վերաճել 3-րդ Համաշխարհայինի եւ այս դեպքում դետոնատոր կարող է դառնալ Հարավ-Չինական ծովը։ Հաջորդ օջախը, որտեղ նույնպես հնարավոր է սրացում եւ վերաճում գլոբալ կոնֆլիկտի՝ Ուկրաինան է, որտեղ ոչ միայն Կիեւն ու Մոսկվան են հակամարտում, այլ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն։ Եմենյան հակամարտությունը, Իրանի վրա ամերիկյան ճնշումը, Սիրիայի անկայունությունը կարող է դառնալ երրորդ օջախը, որպեսզի Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում սկսվի Երրորդ Համաշխարհային պատերազմը։

«Բարուտի տակառի» իր համբավը դեռ շարունակում է պահպանել նաեւ Կորեական թերակղզին, չնայած այն բանին, որ այնտեղ թվացյալ լիցքաթափում կա։ Հետաքրքրական է այն, որ Ֆարլին գրել է, որ Ռուսաստան-Մերձբալթիկա հակասությունները կարող են բերել Երրորդ Համաշխարհայինի սկմանը, կամ Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստան-Ադրբեջան առճակատման սրացումը։ Օջախներ են նաեւ Վենեսուելան եւ Քաշմիրը։ Ֆարլին նշել է, որ համեմատաբար փոքր հակամարտությունները աշխարհի կողմից չեն ստանում պատշաճ ուշադրություն, հետեւաբար դրանք կարող են վերաճել լուրջ առճակատման գոտիների, նախքան որ կնկատվեն։