Պուտինը դժգոհ է․ Ռուսաստանը սահմանային լարվածության համար «կանաչ լույս» է վառել Ադրբեջանի համար

Մանրամասներ

1

Հայաստանի սահմաններին կրկին անհանգիստ է։ Անհանգիստ է Երասխում՝ Արարատի մարզում, Գեղարքունիքում։ Ադրբեջանը կրկին ակտիվացել է։ Ու այս ամենի հետեւում հայաստանյան վերլուծական փորձագիտական հանրույթը չգիտես ինչու տեսնում է «թուրքական հետք»։ Մինչդեռ, իրականում այլ ականջներ են երեւում․ 

• Ուշագրավ է այն, որ լարվածությունը Հայաստանի սահմաններին սկսվեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ու հատկապես՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ Օլիվեր Վարհեի ու Շառլ Միշելի՝ Հարավային Կովկաս, այդ թվում՝ Երեւան այցերի ֆոնին։ Սա նշանակում է, որ Պուտինի ակնարկած «ցավոտ» ու «բարդ» լուծումների մասով խոսակցությունը հարթ չի ընթացել Նիկոլ Փաշինյանի հետ, ու Պուտինը դժգոհ է, եւ երկրորդ, Արեւմուտքը ներկայացնող երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի մասով արած հայտարարությունները առաջացրել են Ռուսաստանի խանդը։ 

• Ուշագրավ է նաեւ այն, որ լարվածությունը Հայաստանի սահմաններին այսօր Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ֆոնին է։ Ադրբեջանն ամեն կերպ հիմա, գոնե փորձագիտական մակարդակում, փորձում է ներկայանալ պրոռուսական դիրքերից։ Հայաստանը ռուսական միջավայրում ընկալվում է որպես արեւմտական երկիր։ 

• Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ենթակառուցվածքային տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների եւ առհասարակ տնտեսական բլոկի մասով Հայաստանին այնպիսի առաջարկներ էին բերել, որոնք եթե Հայաստանն ընդունի, կուղղի մեջքը, բայց, հետսովետական տարածքի համար արդեն հայտնի սկզբունքով կսկսի հեռանալ ռուսական ուղեծրից։ 

• Հետեւաբար, հիմա Ռուսաստանը սահմանային լարվածության համար «կանաչ լույս» է վառել Ադրբեջանի համար, որպեսզի հնարավոր ամենահզոր ճնշումը գործադրվի «անհնազանդության» նշաններ ցույց տվող Հայաստանի հանդեպ, ու Երեւանին վերադարձվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով գծված դաշտ։ Սա նշանակում է, որ ճնշումները կարող են ուժգնանալ եւ որքան ուժգնանան, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը այնքան կխլանան ու կկուրանան, մինչեւ Երեւանը վերջնական, ամբողջական ու լիարժեք հպատակություն չհայտնի Մոսկվային։ 

• Ադրբեջանը եւ նաեւ Թուրքիան մեծ հաշվով կողմ են, որ իրականություն դառնա Արեւմուտքի պլանը։ Այդ դեպքում, Հարավային Կովկասը ամբողջապես դուրս կգա ռուսական ուղեծրից։ Ավելի կոնկրետ՝ Հայաստանի՝ ռուսական ուղեծրից դուրս բերումով կավարտվի Հարավային Կովկասի՝ ռուսական ուղեծրից դուրս բերման գործընթացը։ Ռուսաստանն իհարկե հիմա դեռ սիրախաղ ունի մի կողմից Անկարայի եւ մյուս կողմից Բաքվի հետ, բայց հասկանում է, որ Ադրբեջանը իր հետ երկակի խաղ է խաղում եւ թեքվել է դեպի Թուրքիա /այսինքն՝ Արեւմուտք/ եւ ամեն մի դետալի համար թանկ գներով առեւտուր է անում իր հետ, իսկ Թուրքիան էլ, ինչքան Ռուսաստանի հետ սիրախաղեր տա, երբեք դուրս չի գա Արեւմուտքի ուղեծրից։ Ուստի Ռուսաստանի «պլան մաքսիմումը» Արեւմուտքի պլանի վիժեցումն է, «պլան մինիմումը» ինչ որ ձեւով այդ պլանից մասնաբաժին պոկելը։ 

• Մեծ հաշվով Կրեմլը հիմա Նիկոլ Փաշինյանի հետ անում է այն, ինչ 2013 թվականին արեց Սերժ Սարգսյանի հետ, երբ վերջինս մի գիշերում եվրաասոցացման մի քանի տարվա բանակցային փաթեթը մի կողմ դրեց եւ հլու հնազանդ հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ԵԱՏՄ-ին։ Տարբերությունն այն է, որ Սերժ Սարգսյանի դեպքում ամեն ինչ եղավ փակ դռների հետեւում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում պատշաճության տարրական կանոններ պահպանելու անհրաժեշտություն նույնիսկ Կրեմլում չեն տեսնում։ 

«Հրապարակ»