Չգիտեմ՝ արդյոք «Լիվերպուլը» կարող է խաղալ ավելի լավ

Բազմաթիվ խնդիրներ ստեղծեցինք «Բարսելոնայի» համար, ինչն արժանի է գովասանքի խոսքերի, երկրորդ խաղակեսում հրաշալի էինք վերահսկում խաղը, մեր մարզաձեւում ամեն բան որոշում են գոլերը. Յուրգեն Կլոպ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտությունը 0:3 հաշվով:

«Բազմաթիվ խնդիրներ ստեղծեցինք «Բարսելոնայի» համար, ինչն արժանի է գովասանքի խոսքերի: Երկրորդ խաղակեսում հրաշալի էինք վերահսկում խաղը: Մեր մարզաձեւում ամեն բան որոշում են գոլերը: Շատ լավ խաղացինք, տղաներն անցկացրին հրաշալի հանդիպում: Այսպիսի մրցակցին չի կարելի տալ նվազագույն հնարավորություններ: Շատ գոհ եմ մեր խաղից, բայց ոչ արդյունքից: Անկեղծ ասած չգիտեմ՝ արդյոք «Լիվերպուլը» կարող է խաղալ ավելի լավ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» դուբլի հեղինակ էր դարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրեց 600-ի: Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մայիսի 7-ին։