Զելենսկին խնդրել է ապահովել իր անվտանգությունը

Նրա խոսքերով՝ ոստիկանությունը համագործակցում է նախագահի թեկնածուների բոլոր շտաբների հետ

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկու շտաբը դիմել է ներքին գործերի նախարարություն` թեկնածուի անվտանգությունն ապահովելու հարցով: Այս մասին ապրիլի 8-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Իվան Վարչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Առաջին փուլից առաջ՝ քարոզարշավի ընթացքում, մենք պահպանում էինք նախագահի 9 թեկնածուների անվտանգությունը: Ներկայումս այդպիսի պաշտպանության համար դիմել է նախագահի թեկնածու Զելենսկու շտաբը: Նրա անունն ընտրությունների երկրորդ փուլում լինելու է քվեաթերթիկում»,- ասել է Վարչենկոն:

Նրա խոսքերով՝ ոստիկանությունը համագործակցում է նախագահի թեկնածուների բոլոր շտաբների հետ, քանի որ իրավապահ մարմինների խնդիրն է ապահովել կապը ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների հետ: