Սաակաշվիլին մտադիր է ապրիլի 1-ին վերադառնալ Ուկրաինա

Համոզված եմ, որ ոչ մի սահմանապահ չի կատարի Պորոշենկոյի արձակած՝ իմ մուտքը երկիր արգելող հրամանը

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ապրիլի 1-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացման հաջորդ օրն այդ երկիր կվերադառնա: Այս մասին գրում է  capital.ua կայքը:

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից նշել են, որ չեն պատրաստվում թույլ տալ նրա մուտքը երկիր ո՛չ հիմա, ո՛չ էլ ապրիլի 1-ին:

Օդեսայի նախկին նահանգապետն Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին հայտնել է լրագրող Դմիտրի Գորդոնի հետ զրույցում:

«Ես այս տարվա ապրիլի 1-ի ամսաթվով էլեկտրոնային տոմս ունեմ: Վարշավայից կթռչեմ Կիև, իսկ 14:05-ին իմ օդանավը վայրէջք կկատարի Բորիսպոլում: Ես ամրագրել եմ այդ տոմսը, քանի որ համոզված եմ՝ Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ չի անցնի, և է՛լ ավելի համոզված եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի Պորոշենկոյի արձակած՝ իմ մուտքը երկիր արգելող հրամանը»,- ասել է Սաակաշվիլին:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին, ըստ նախնական հարցումների՝ նախագահական մրցապայքարը գլխավորում է շոումեն Վլադիմիր Զելենսկին: