Սկսվել են «Ուենսդեյ» սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները

Մանրամասներ
դերասան

«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են։ Երբ սերիալն առաջին անգամ հայտնվեց Netflix-ում, այն ռեկորդներ գրանցեց: 252 միլիոն դիտումներով այն արագորեն դարձավ ամենահայտնի անգլալեզու սերիալը եւ 20 շաբաթ անցկացրեց համաշխարհային սերիալների լավագույն տասնյակում:

Կարճ ժամանակ անց պրոդյուսերական թիմը հայտարարեց, որ իրենք աշխատում են երկրորդ եթերաշրջանի շուրջ, իսկ այժմ արդեն հայտնի է, թե ինչ է սպասվում դիտողներին, փոխանցում է news.am-ը:

Սկզբի համար նշենք, որ դերասանական կազմի մեծ մասը վերադառնում է երկրորդ եթերաշրջան, ներառյալ սերիալի գլխավոր դերասաններ Ջեննա Օրտեգան, Քեթրին Զետա-Ջոնսը, Լուիս Գուսմանը, Իսահակ Օրդոնեսը եւ Լույանդա Ունատի Լյուիս-Նյավոն:

Ռեժիսորներ Ալ Գաֆը և Մայլս Միլարը, ովքեր նաեւ շոուի հեղինակներն են, խոսել են գալիք սեզոնի մասին։ «Մենք ոգեւորված ենք, որ Ադամսների ամբողջ ընտանիքն այս սեզոնին Nevermore ակադեմիա մուտք կգործի մի քանի նոր դեմքերի հետ»,-ասվում է The Hollywood Reporter-ում հրապարակված հայտարարության մեջ:

«Մենք սկսել ենք երկրորդ եթերաշրջանը»,-կիսվել է Օրտեգան՝ չորեքշաբթի օրը հրապարակում անելով իր հերոսուհու խորհրդանշական հյուսքերով:

Երկրպագուները չեն կարողացել զսպել իրենց հուզմունքը․ գրառումը ստացել է 1,7 միլիոն հավանում եւ ավելի քան 17,000 մեկնաբանություն:

2-րդ եթերաշրջանը ներկայացնում է 12 նոր կերպարների: Երկրպագուները կարող են ակնկալել, որ կտեսնեն մի շարք աստղերի: Նրանց թվում են Քրիստոֆեր Լլոյդը («Վերադարձ դեպի ապագա»), Ջոաննա Լամլին («Մի անգամ ստիր ինձ»), Թանդիվե Նյուտոնը («Westworld»), Ֆրենսիս Օ'Քոնորը («Անհայտ կորած»), Հեյլի Ջոել Օսմենթը («Կոմինսկու մեթոդը»):