Ապրիլի 15-ին կմեկնարկի «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ` ութերորդ եթերաշրջանը

Ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան կտևի 54 րոպե

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիան HBO  հեռուստաալիքի եթերում կկայանա ապրիլի 14-ին, ԱՄՆ-ի ժամանակով` 21:00-ին (Հայաստանում` ապրիլի 15-ին, ժամը 5:00-ին), իսկ մեկ օր անց  այն կցուցադրվի Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում: Միլիոնավոր երկրպագուներ անհամբեր սպասում են եթերաշրջանի մեկնարկին` համացանցում փնտրելով արտահոսք: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Ութերորդ եթերաշրջանի առաջին սերիան կտևի 54 րոպե: Նոր եթերաշրջանում կլինի 6 սերիա: 

Հիշեցնենք, որ ամերիկացի գրող Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» վեպի հիման վրա նկարահանված սերիալը բազմաթիվ մրցանակների է արժանացել և հանրահայտ դարձել ողջ աշխարհում: Երկրպագուներից շատերը մտածում են, թե ինչպես են դիտելու եզրափակիչ սերիաները՝ առանձին-առանձին թողարկվելուն պես, թե բոլորը միասին: 

Նշվում է, որ վերջին՝ ութերորդ եթերաշրջանը նկարահանվել է ոչ թե պատրաստի վեպի, այլ Մարթինի սևագրերի և սյուժետային նկարազարդումների հիման վրա: «Գահերի խաղը» ցուցադրվում է 2011 թվականից:  

Հավելենք, որ հեռուստասերիալի տարբեր եթերաշրջանների յուրաքանչյուր սերիայի բյուջեն տատանվում է 5-10 մլն դոլարի միջև: Առաջին եթերաշրջանի բյուջեն գնահատվել է 50-60 մլն դոլար: Երկրորդում 15 տոկոսով աճել է: 2012-2015 թվականներին միջինում մեկ սերիայի բյուջեն կազմել է 6-8 մլն դոլար: Վեցերորդ եթերաշրջանի բյուջեն կազմել է ընդհանուր առմամբ 100 մլն դոլար, իսկ յոթերորդինը` շուրջ 70 մլն դոլար: Հայտնի է, որ 90 մլն դոլար է նախատեսված ութերորդ եթերաշրջանի համար: