Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այսօրվա մեր փոքր հնարավորությունների պատճառը, 1915-ի Ցեղասպանության ուղղակի հետևանքն է

Մանրամասներ
Հայտարարություն

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշողությունը, միջազգային ճանաչումն ու դատապարտումը 100 տարուց ավելի է՝ հայ ժողովրդի քաղաքական, բարոյական ու աշխարհաքաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչն է: Հայոց մեծ ողբերգությունը՝  20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, 100 տարի անց էլ զգացնել է տալիս իր ժողովրդագրական, բարոյահոգեբանական ու քաղաքական հետևանքները: 100 տարի անց էլ հայ ժողովուրդն իր Հայրենիքում և Սփյուռքում շարունակում է մաքառել իր իրավունքների և արդարության համար՝ միաժամանակ զերծ չմնալով հերթական հայրենազրկման և ցեղասպանության վտանգից:

Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Հայոց ցեղասպանությունը չի կարելի ժամանակագրորեն սահմանափակել միայն 20-րդ դարի սկզբի իրադարձություններով, քանզի մարդկայնության դեմ հանցավոր գործողությունները Թուրքիայում պետական քաղաքականության են վերածվել դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին` 1878թ. Բեռլինի վեհաժողովից անմիջապես հետո, երբ օսմանյան էլիտաները, համադրելով արմատական իսլամիզմի և ազգայնական թյուրքիզմի գաղափարախոսական դրույթները, հակվեցին հայերին բնաջնջելու հանցավոր ծրագրին: Հստակ է, որ խնդիրը կապված էր առաջինը հայրենազրկման՝ պատմական հայկական տարածքները, ինչպես և հայկական կապիտալը յուրացնելու հետ: Եթե «Համիդյան ջարդերի» (1984-1896թթ.) նախորդած շրջանում հայերը Օսմանյան կայսրության բնակչության 20 տոկոսն էին կազմում, ապա 1915-ի դրությամբ արդեն 13 տոկոսն էին, քանզի «համիդյան ջարդերին» զոհ էին գնացել 300 հազար հայեր, այդքան էլ արտագաղթել էին Թուրքիայից: Իսկ արդեն 1915-ի Ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան 1.5 միլիոն հայեր: Անհրաժեշտ է գիտակցել, որ այսօրվա մեր փոքր հնարավորությունների պատճառը, այդ թվում` մարդային ռեսուրսների, նախ և առաջ 1915-ի Ցեղասպանության ուղղակի հետևանքն է:

Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ Օսմանյան կայսրությունում քաղաքական էլիտաների փոփոխությունները որևէ կերպ չէին ազդում հայերին բնաջնջելու քաղաքականության վրա, ինչը գլխավոր ապացույցներից մեկն է, որ գործ ունենք հստակ պետական քաղաքականության հետ: Լիներ սուլթանի, թե երիտթուրքերի կամ հանրապետական Թուրքիայի կառավարությունը, միևնույնն է՝ մարդկայնության դեմ իրականացվող զանգվածային հանցագործությունների պետական քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվել: Այսօր էլ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները շարունակում են նույն քաղաքական գիծը՝ արդեն ժխտողականության համատեքստում:

Հայոց Ցեղասպանությանը, թուրքական կառավարության հանցավոր որոշումներին և հայոց պահանջատիրությանը նվիրրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.