Իլինոյսի դատավորն արգելել է Թրամփին մասնակցել նահանգում նախնական ընտրություններին

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ Իլինոյս նահանգի դատավորը փետրվարի 28-ի որոշմամբ արգելել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել Իլինոյսում Հանրապետական կուսակցության նախնական քվեարկությանը (փրայմերիզ)․ հենց փրայմերիզի արդյունքներով է որոշում, թե տվյալ կուսակցությունից ո՛վ կառաջադրվի որպես նախագահական ընտրությունների թեկնածու։

Reuters-ը հաղորդում է, որ դատավորը փրայմերիզին Թրամփի մասնակցությունն արգելել է 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած ապստամբության մեջ նրա դերի պատճառով։ Այնուամենայնիվ, վճռի ուժի մեջ մտնելը հետաձգվել է, քանի որ ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի որոշումը։

Թրամփի նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչն այս որոշումն անվանել է «ոչ սահմանադրական» և նշել, որ այն կբողոքարկվի։

Ավելի վաղ Թրամփին նախնական ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկել են Կոլորադոյի և Մեյնի նահանգները՝ համաձայն երկրի սահմանադրության 14-րդ փոփոխության 3-րդ կետի։ Ըստ այդ կետի՝ երկրում պետական պաշտոն չի կարող զբաղեցնել որևէ մեկը, որն ԱՄՆ սահմանադրությունը պաշտպանելու երդում է տվել, այնուհետև ներգրավվել խռովության կամ ապստամբության մեջ։ Երկու նահանգների որոշումներն էլ առայժմ ուժի մեջ չեն մտել Թրամփի բողոքարկման պատճառով։

Բոլոր այս գործերը պետք է քննարկվեն ԱՄՆ գերագույն դատարանում։

Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվել էին ոստիկանների վրա և ներխուժել Կապիտոլիումի շենք՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը վավերացնի դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի նախագահական ընտրություններում: Այս իրադարձություններից առաջ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջև՝ ասելով, որ գնան Կապիտոլիում և պայքարեն։