Ռուսական թելեգրամյան ալիքները գրում են, որ ինքնասպանություն է գործել ռազմական թղթակից Անդրեյ Մորոզովը, որն ավելի վաղ հայտնել էր ուկրաինական Ավդեևկա քաղաքի գրոհի ընթացքում ռուսական կողմի 16,000 զոհի մասին:
Նա վարում էր Нам пишут из Янины թելեգրամյան ալիքը և երկար ժամանակ ավագ սերժանտի կոչումով ծառայել էր Դոնեցկի «ժողովրդական հանրապետության» կիսառազմական ուժերում:
Ինչպես նշում է BBC-ն, նա, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել՝ ռուսական պաշտոնական քարոզչամեքենայի ներկայացուցիչների կողմից ճնշումների պատճառով:
Նրա ինքնասպանությունը հաստատել են ПриZрак Новоросии, Солдатская правда և Zаписки Vетерана թելեգրամյան ալիքները:
Մորոզովի վերջին հաղորդագրությունները Telegram-ի ալիքում (ավելի քան 100 հազար բաժանորդ) եղել են ինքնասպանության, ինչպես նաև ռազմաճակատում զենքի սուր պակասի, հսկայական կորուստների, ռոտացիայի, իր զորամասում բուժօգնության բացակայության, զինվորական ղեկավարության անփութություն ու խարդախության մասին։
Ավելի վաղ Մորոզովն Ավդեևկայի գրավման մասին գրառում էր արել՝ պնդելով, որ քաղաքի գրավումը ռուսական կողմին արժեցել է 16 հազար անվերադարձ կորուստ և մոտ 300 միավոր զրահամեքենա։
Դրանից հետո մի քանի ռուսաստանցի քարոզիչներ քննադատությամբ հարձակվել են Մորոզովի վրա, նրանցից մեկը նրա գրառումն անվանեցլ էր «հերթական պարտվողական աղբ, որը բավականին նման է ֆեյքի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ զրպարտությանը»։ Երեկ նա Telegram-ում գրել է, որ իր զինվորական հրամանատարները ստիպում են իրեն ջնջել ռուսական կորուստների մասին գրառումը։ Մորոզովի խոսքով՝ իր գրառումը ջնջելու հրամանը տրվել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի աշխատակիցների ճնշման ներքո:
0Comments