Լավրովի մոտ զարգացել է «դասական ռուսական շիզոֆրենիան»

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարարի մոտ զարգացել է «դասական ռուսական շիզոֆրենիան»։ Այդպես նա մեկնաբանել է Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Ռուսաստանը ցավում է ուկրաինացիների համար, ուստի օգնելու է ուկրաինացի ժողովրդին տապալել «հակաժողովրդական ռեժիմը»։

«Լավրովի հայտարարությունները Արաբական լիգայի անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիշեցում են, թե ինչու չպետք է ամռանը շրջել արևի տակ առանց գլխարկի: Դասական ռուսական շիզոֆրենիա. առավոտյան ասում եք, որ Մոսկվան ձգտում է բանակցությունների, իսկ երեկոյան, որ ձեր նպատակն է «ձերբազատվել Կիևի հակաժողովրդական ռեժիմից», ասել է նա։

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս իշխանությունն ընտրվել է արդար, մրցակցային ու ժողովրդավարական ընտրություններում, սակայն ռուսական վերնախավին նման բառերը ծանոթ չեն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը սկսել է աֆրիկյան շրջագայությունը՝ Ուկրաինայում պատերազմին աջակցություն ստանալու նպատակով, գրում է BBC-ին:

Լավրովը Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում նախ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել «հարցերի ավելի լայն շրջանակի» շուրջ։ Ավելի ուշ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կօգնի ուկրաինացի ժողովրդին ազատվել Ուկրաինայի «հակաժողովրդական» և «հակապատմական» ռեժիմից։