Երևանի ավագանու 3 անդամ զրկվեց մանդատից, ևս 2-ի մանդատը պահպանվեց

Մանրամասներ
աղեկյան մարության

Այսօր Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկվեց 3 անդամ:

Խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին. Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»), Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»), Սոնա Աղեկյան («Մայր Հայաստան»):

Ավագանու անդամներին մանդատից զրկելու հիմնավորումը ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայություններն են:

32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։

«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։

Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ. որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն: