Լեհաստանի նախագահը վստահ չէ, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը

Մանրամասներ
Անջեյ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ վստահ չէ, որ Ուկրաինան կկարողանա վերականգնել Ղրիմի վերահսկողությունը, բայց կարծում է, որ կկարողանա վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը, տեղեկացրել է Reuters-ը։

Անջեյ Դուդան այս դիրքորոշումն արտահայտել է Kanal Zero-ի YouTube-ալիքի հարցազրույցում ուրբաթ երեկոյան։ Բայց հարցին, թե հավատում է արդյոք, որ Ուկրաինան իսկապես կկարողանա վերադարձնել Ղրիմը, պատասխանել է. «Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին։ Ես չգիտեմ՝ կվերադրաձնի՞ արդյոք Ուկրաինան Ղրիմը, բայց հավատում եմ, որ կվերադարձնի Դոնեցկն ու Լուգանսկը»։

Նրա խոսքով՝ Ղրիմի թերակղզին «հատուկ տեղ է... այդ թվում պատմական պատճառներով։ Որովհետեւ իրականում, եթե պատմականորեն նայենք, ժամանակի մեծ մասում այն գտնվել է Ռուսաստանի ձեռքում»։

Դուդայի դիրքորոշումը քննադատության է արժանացել Լեհաստանի կառավարող եւ եվրոպամետ կոալիցիայի օրենսդիրների կողմից։