Վաստակե՞լ եք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր փառասիրության համար. Մարության

Մանրամասներ
Հայկ Մարության

Ասում եք՝ եկամուտները ավելացել են, դրա համար կարող ենք մեզ ճոխ ծախսեր թույլ տալ:

Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եկամուտներն ավելացել են, քաղաքի հազարավոր խնդիրների լուծմանն ուղղեք։ Եթե չգիտեք՝ ինչի վրա ծախսել, կարող եմ հուշել։ Մի քանի օր առաջ երեխայիս տարել էի քաղաքային պոլիկլինիկա՝ ակնաբույժի մոտ։ Պարզվեց, որ ակնաբույժի կաբինետում նորմալ հետազոտութուն անելու տարրական սարքեր չկան։ Հարցրեցի՝ որքա՞ն փող է ձեզ պետք կաբինետի սարքավորումները համալրելու համար, ասացին՝ մոտ 100 հազար դրամ։ Քաղաքը ունի 26 պոլիկլինիկա։ Այսինքն, բոլոր պոլիկլինիկաները ակնաբուժական սարքավորումներով համալրելու համար պետք է կոպիտ հաշվարկով 2,6 միլիոն դրամ։ Գուցե դրա վրա՞ ծախսեք ավելացած եկամուտները։ Սա մեկ փոքր օրինակ է ընդամենը»,- հայտարարեց նա։

Նա շարունակեց մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը։

«Շեշտում եմ, սրանք այն ծախսերն են, որոնք լայնորեն լուսաբանվել են։  Բոլորս իմացանք, որ այս տարի քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսվել է ավելի քան 87 միլիոն դրամ։ Համեմատության համար, իմ երդմնակալության արարողության վրա 2018-ին ծախսվել է, ուշադիր՝ ինը հարյուր հազար դրամ։ Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ ավել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը բնական պայմաններում 5 տարին մեկ պետք ա փոխվեն, ստացվում է որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության փող եք ծասել:  Ու ամենակարեւորը՝ ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ է շահում դրանից քաղաքը։ իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։

Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլեւ կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեեւ նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել»,-հայտարարեց Մարությանը։