Եթե «Հանրապետություն» կուսակցությունը 50-150 ձայն ավել ստանար, մենք միասին կունենայինք 33 մանդատ, ոչ թե 32. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, այն ընտրողը, որ գնաց ընտրատեղամաս եւ նաեւ այն ընտրողը, որ չգնաց, եւ հաղթեց հեղափոխությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորս հասկանում ենք Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական կարեւորությունը: Այս ընտրություններում ձայների հաշվարկի արդյունքում 50-150 քվե այլ կերպ բաշխվեր, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել: Այն, որ այս ընտրությունների արդյունքները կանխորոշվեցին 50-150 քվեի հաշվարկի արդյունքում, ի ցույց դրեց մեր անսասանելի հաավատարմությունը 2018-ի թավշյա հեղափոխության արժեքներին, ժողովրդավարությանը եւ ժողովրդի կամքի նկատմամբ անքննարկելի հարգանքի: Այն, որ մենք մշտապես հայտարարել ենք, որ մենք մեր ձեռքը կկտրենք, բայց մեկ քաղաքացու քվեին չենք կպնի, դա արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել ենք:

Այսինքն եթե օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը 50-150 ձայն ավել ստանար, մենք միասին կունենայինք 33 մանդատ, ոչ թե 32:

Հաջորդը, այն ուժերը, որոնք հանդես են եկել հեղափոխության արժեքների պաշտպան, այդ ուժերը հավաքելեն 60 տոկոսից ավելի ձայն: Այլ բան, թե ով է նրանցից հավատարին անկեղծորեն այդ արժեքներին, եւ ով է մանիպուլացնում: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն արտահայտել «Հանրապետության» նկատմամբ, որն իր հետեւողական քաղաքականության շնորհիվ շատ էական թվով ձայներ հավաքեց: Մենք արդեն, ըստ էության, համատեղ կառավարում կիրականացնենք Երեւանում, ինչը վատ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հիմա պետք է նայեն, թե որոնք են համադրելի կետերը ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ծրագրերում. «Եթե հակասող կետեր լինեն, պետք է դրա վերաբերյալ հետագայում որոշում կայացնենք: Սա լավ առիթ է, որ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերում առկա համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը կապված մնացին Դոգի՝ Վարդան Ղուկասյանի, «Հանրային ձայն» կուսակցությունից, Փաշինյանն ասաց. «Եթե հարցնեք՝ արդյոք քվեարկության արդյունքները մտածելու տեղիք տալիս են մեզ, այո, տալիս են մտածելու տեղ: Մտածելու, վերլուծելու, հետեւություն անելու  տեղիք տալիս են եւ դա անպայման տեղի կունենա, բայց գոնե այս փուլում ես չեմ ուզում որեւէ կերպ քննարկման առարկա դարձնեմ ընտրողի որոշումը:

Արդյոք այդտեղ կան դժվար հարցեր, որոնց հետ մենք պետք է առերեսվենք, այո, կա եւ մենք դա կանենք»: