Արհամարհեց ԱԺ մեծամասնությանը՝ ամբոխին նետելով ոսկոր կամ փշրանք

Քաղտեխնոլոգը՝ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու մասին

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը չի համարում զիջել ԱԺ քաղաքական մեծամասնությանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագահն արհամարհեց ԱԺ մեծամասնությանը՝ ամբոխին նետելով ոսկոր կամ փշրանք:

- Պարո՛ն Բադալյան, նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է որպես ճնշում նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ինչո՞ւ նախագահը զիջեց քաղաքական մեծամասնությանը:

- Միանշանակ չէ, որ այդպես է: Նախ՝ ճնշման հետ կապված որևէ տեսանելի փաստեր չունենք, որպեսզի ասենք՝ այո՛, ինչ-որ ճնշում է եղել: Հրապարակային ինչ-որ հայտարարություն չի եղել, որը կարելի է գնահատել որպես ճնշում: Կուլիսների հետևում ճնշման մասին լուրերի արտահոսք չի եղել, հետևաբար, չեմ կարող ասել՝ եղե՞լ է ճնշում, թե՞ ոչ: Առաջին հայացքից թվում է, թե նախագահը զիջումների գնաց և ԱԺ ներկայացրեց այն անձին, ով իշխող քաղաքական թիմի ցանկալի թեկնածուն է: Բայց, եթե խորքային նայենք, զգացմունքը մի կողմ դնենք, տպավորությունն այնպիսին է, որ նախագահն արհամարհական նետեց մի թեկնածուն դեպի այն ամբոխը, որը դրա կարիքն ուներ: Նախագահի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի առաջադրումն ավելի շատ նման է արհամարհանքի, քան ճնշումների հետևանքով զիջումների գնալու: Սա արհամարհանք էր ԱԺ մեծամասնությանը: Միգուցե մեծամասնության անդամները չհասկացան, բայց չէ՞ որ նախագահի կողմից նշանակված թեկնածուն չի անցել այն իրավական գործընթացները, որոնք նախագահը ստեղծել էր Սահմանադրական դատարանի թեկնածուի համար: Միգուցե սա օրենքների խախտում չէ, նախագահն իրավունք ունի ներկայացնել այն թեկնածուին, որին հարմար գտնում է: Սա իրավական խնդիր չէ, այլ քաղաքական է, ավելին՝ ամբոխին նետված ոսկոր կամ փշրանք էր նախագահի կողմից:

- Ճնշումը միայն բացահայտ հայտարարությամբ չէ, օրինակ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն: Հիմա սա չի՞ նշանակում, որ նախագահ Արմեն Սարգսյանը զիջեց ԱԺ մեծամասնությանը:

- ԱԺ նախագահն իրավունք ունի հայտարարություններ անել, բայց դա չի նշանակում, որ նախագահն իրենց համար պետք է ցանկալի թեկնածու առաջադրեր, որովհետև, եթե նախագահը հաջորդ անգամ այլ թեկնածու առաջադրեր, միևնույն է, գործող իշխանությունը չունի ճնշման մեխանիզմ: Այս հանգամանքից ելնելով եմ ասում՝ ցույց տվեք, թե ինչ մեթոդներով է հնարավոր ճնշում գործադրել: ԱԺ-ն կարող է չընտրել, իսկ նախագահն էլ կարող 1-4-15-160 անգամ թեկնածուն առաջադրել, մինչև ՀՀ  բոլոր իրավաբաններին կճանաչեինք:

- Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա: Ստացվում է՝ զիջեց քաղաքական մեծամասնությանը:

- Արտաքուստ այդպես է թվում, որ անվերջ չշարունակվելու համար զիջեց, բայց նախագահը՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, ուղղակի նետեց մեծամասնությանն այն թեկնածուին, որին ցանկանում էին: Պատկերացրեք, թե այս գործընթացն ինչպես է դիտվելու տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ, մասնագիտական ընկերակցության մեջ, որովհետև նրանց մոտ հարց է առաջանալու, որ նախորդ թեկնածուները բազմաթիվ հարցերի էին պատասխանում, իսկ այս թեկնածուն պարզապես նետվեց ԱԺ մեծամասնությանը: Եթե զգացմունքները մի կողմ ենք դնում, տեսնում են, որ արհամարհանք էր մեծամասնությանը, ոչ թե ԱԺ-ի կողմից անարգանք  նախագահին: Իրականում, ԱԺ-ն կարող էր 125 անգամ մերժել, իսկ նախագահն էլ առաջադրեր տարբեր թեկնածուներին,  բայց նախագահը միտումնավոր անլուրջ տեսք տվեց այս գործընթացին: