Մեկնարկել է ոստիկանների ատեստացիան

Մանրամասներ

ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը։ Այս ծառայողներն առաջինն են, որոնք պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ատեստավորմանը ու հաջողության դեպքում բարձրացնելու իրենց սոցիալական երաշխիքները՝ օրինակ դառնալով մյուս ծառայողների համար։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 21-ին, ատեստացիայի առաջին օրը, ընդհանուր գիտելիքների ստուգմանը հետևում էր ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա ողջունել է ներկաներին և մաղթել հաջողություն։

Գործընթացին հետևում էին նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովում ընդգրկված են ոստիկանության պետն ու տեղակալները, ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ ատեստացիային ընդառաջ իրականացվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով մշակվել է համապատասխան ուղեցույց։

Ատեստացիայի առաջին՝ ընդհանուր գիտելիքների ստուգմանը, որի ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում էր, մասնակցում էին Ոստիկանության զորքերի, ոստիկանության տարածքային բաժինների և պետական պահպանության գլխավոր վարչության 89 ծառայողներ, իսկ ընդհանուր առմամբ՝ ատեստավորման համար դիմել է արդեն 1272 ոստիկան։

«Ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար:

Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։

Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները»,- ասված է հաղորդագրության մեջ։