«Սեպուհ 1» ընկերությունը Հայաստանում թողարկել է 8 մարդատար ավտոմեքենա. ի՞նչ արժեն դրանք

Մանրամասները՝ տեսանյութում

«Սեպուհ 1» ընկերության մարդատար ավտոմեքենաները, որոնք հավաքվում են Հայաստանում, պետական հաշվառում են ստացել, եւ 8 ավտոմեքենա արդեն պատրաստ է վաճառքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը:

Ավտոմեքենաների գնային սանդղակը տատանվում է 30-ից 40 հազար ԱՄՆ դոլարի սահմանում: Ալբերտ Բաբայանի խոսքով՝ «Սեպուհ 1-ի»  ավտոմեքենաների ավտոմասերը հարավկորեական SsangYong-ի մոդելներն են, հետագայում նախատեսվում է պահեստամսերն արտադրել Հայաստանում ու մեքենաների անվանումն աստիճանաբար հայկականին մոտեցնել:

««Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը դեռեւս 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դիմել էր Էկոնոմիկայի նախարարին՝ որոշակի պարզեցված ընթացակարգով ավտոմեքենաների համատասխանության գնահատման գործընթացը իրականացնելու համար: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ շրջանառվեցլ է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով բացառություն էր արվում Հայաստանում շրջանառվող տրանսպորտային միջոցների համար, արտակարգ օպերատիվ կանչերի սարքավորումներով համալրվածության չլինելու մասով. այսինքն՝ որպեսզի կազմակերպությունը գնահատման փաստաթուղթը կարողանար վերցնել առանց այդ համակարգերի, քանի որ այդ համակարգի փորձարկումը եւ համապատասխանության գնահատման գործընթացը բավականին թանկարժեք է: 2022 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից ընդունվեց որոշում, ըստ որի՝ ժամանակավորապես թույլատրվեց անդամ-երկրների տարածքում շրջանառել եւ համապատասխանության հավաստման գնահատման փաստաթղթերը ստանալ առանց օպերատիվ կանչի ծառայությունների համակարգի եւ դրա փորձարկումների: Դրա արդյունքում «Սեպուհ 1» ընկերությունը ներկայումս ունի համապատասխանության հավաստում անցած 8 մեքենա: Կազմակերպությունը Ոստիկանությունից ստացել է նաեւ պետհամարանիշներ եւ ենթակա են շահագործման»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ ընկերության համապատասխանության գնահատման փաստաթուղթը տրամադրվել է մասնավոր լաբորատորիայի կողմից, որը հավատարմագրված է Էկոնոմիկայի նախարարության կողմից. «Հավաստագիրը տրվել է խոշոր հանգուցային հավաքման համար՝ եզակի օրինակով. այսինքն՝ այդ կազմակերպությունը ներմուծում է մեքենայի արտադրամասերը, հավաքում այն եւ ստանում համապատասխանության գնահատման փաստաթուղթ: Մեքենայի բաղկացուցիչ մասերը հարավկորեական են, այն SsangYong կազմակերպության բրենդի ներքո է»:

ԵԱՏ խորհրդի որոշմամբ՝ ավտոմեքենաների արտահանումն այլ երկրներ արգելվում է. «Այսինքն՝ այս 8 մեքենաները կարող են շահագործվել միայն այն երկրում, որտեղ ստացել են համապատասխանության գնահատման փաստաթղթերը՝ առանց օպերատիվ կանչի համակարգի: Հետագայում եթե դառնա սերիական արտադրություն, իհարկե շահագրգռվածությունը արտահանման մեջ է կայանում»:

Ընկերության սեփականատերը Ջեյմս Ավետյանն է, նա ավտոմեքենաների արտադրության գործարան ունի նաեւ Իրանում, ընկերությունը «Սեպուհ» անվանելն էլ իր որդու պատվին է եղել: