Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար

Մանրամասներ

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո:

Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարիին հասանելի են եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներ, նա բազմիցս փոխանցել է դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ բրիտանական հետախուզական ծառայություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ Աքբարիի հավաքագրումը սկսվել է, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։

Նախարարության տվյալներով՝ նա «զրույց» է ունեցել բրիտանական դեսպանատան հետախուզական գործակալների հետ, որից հետո Եվրոպա անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզության լիիրավ անդամ։

Իրանական գերատեսչությունը հավելել է, որ մեղադրյալի նկատմամբ քրեական գործի հարուցումից և մեղադրական եզրակացությունից հետո գործը տեղափոխվել է դատարան և նիստը կայացել է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ։