«Labubu-ն սատանա է, ոչնչացնում է ամեն սուրբ բան, կամ՝ ինչպես է հայ հասարակությունը նորից պայքարում ոչ ճիշտ թշնամիների դեմ
Հունիսի 23, 2025

«Labubu-ն սատանա է, ոչնչացնում է ամեն սուրբ բան, կամ՝ ինչպես է հայ հասարակությունը նորից պայքարում ոչ ճիշտ թշնամիների դեմ

«Սա խաղալիք չէ, սա չարիք է։ Սատանա՝ տիկնիկի կերպարանքով»,- գրառումներում, պատմություններում եւ մեկնաբանություններում աղաղակում են մտահոգ հայ ծնողները, նորաթուխ «մասնագետները», որոնք երեխայի ձեռքում տեսել են ականջներով, ատամնավոր, քմծիծաղ տվող եւ Labubu անունով փոքրիկ արարածին։

Այո՛, Labubu-ն ունի մեծ ականջներ, ապակե հայացք եւ այնպիսի ժողովրդականություն, որին շատ հայ արտիստներ կնախանձեին։ Եվ նա ունի նաեւ ահարկու համբավ. սոցիալական ցանցերում մոլեգնում է «սատանայի դեմ պայքարելու» արշավ, քանի որ, ինչպես նշում են գրառումներում, «այս արարածը ցանկանում է մտնել երեխայի հոգու մեջ եւ ոչնչացնել ամեն սուրբ բան»։ Բայց սկսենք ակնհայտից. Labubu-ն խաղալիք չէ երեխաների համար։

Այն ստեղծել է նկարիչ Kasing Lung-ը Հոնկոնգից, որը մեծացել է մի ընտանիքում, որտեղ սեր է սերմանվել արվեստի, ֆենթեզիի եւ խավարի նկատմամբ: Labubu-ն նրա երեւակայության կերպարն է, որը ծնվել է մանկության նկարներից եւ երազներից: Այն այլ լինելու, միայնության եւ մարդկային բնույթի հենց այդ «այլ» կողմի խորհրդանիշն է: Հեղինակն ինքն ասել է. Labubu-ն նման է փոքրիկ հրեշի, որն ապրում է մեզանից յուրաքանչյուրի ներսում»: Այն չար չէ, պարզապես այլ է»։ «Ահավոր, փշոտ, դատարկ հայացքով, ասես կարված է մղձավանջներից, բայց հենց դա է նրա տարածվածության գաղտնիքը։ 

Սա մանկական խաղալիք չէ, այլ մեծահասակ կոլեկցիոն դիզայնի տարր, «ինֆանտիլության» թրենդի մաս, երբ մեծահասակները մխիթարություն են փնտրում մանկության կերպարներում։ Քնքուշ, հրաշալի, մի փոքր վախեցնող արձանիկները դառնում են հուզական հարմարավետության խորհրդանիշներ, ջնջում սահմանը տագնապի եւ նոստալգիայի միջեւ։

Սակայն հայ հասարակությունն այլ կերպ է որոշել։ Labubu-ի մասին գրառումներում տասնյակ զայրալից մեկնաբանություններ են. «Սա խաղալիք չէ, սա սատանայություն է», «Այստեղ բարի ոչինչ չկա. միայն սեւ ուժեր են եւ կեղծիք», «Արտաքինից՝ հրեշտակ, ներսից՝ սատանա»։ Ոմանք մեջբերումներ են կատարում Աստվածաշնչից, մյուսները մարտի մեջ են մտցնում TikTok-ը, որտեղ էլ տարածվել է Labubu-ի մոդան։

Ծնողները տեսանյութեր են ձայնագրում՝ կոչ անելով երեխաներին չգնել «այս սարսափը», իսկ կրոնական ակտիվիստները խաղալիքը համեմատում են հոգեւոր վարակի հետ, որը «քանդում է հոգու ներդաշնակությունը»։ Բայց երբ խոսքը վերաբերում է իրական չարիքին, այնտեղ չկան ո՛չ տեսագրություններ, ո՛չ պատմություններ, ո՛չ բողոքի ցույցեր։ Ոչ մի խոսք։ Որովհետեւ ոչ ոք չի չեղարկում հավատքի եւ կոռուպցիայի իրական պղծողներին։ Որտե՞ղ է այդ նույն եռանդը, երբ եկեղեցիները պղծվում են, երբ հեռուստատեսությամբ ագրեսիա է հեղեղվում, երբ երկրի առաջնորդը ամենացինիկ եւ նողկալի արտահայտություններով սկանդալային գրառումներ է անում եկեղեցու եւ հոգեւորականության մասին, երբ հոգեւոր արժեքները բացահայտորեն ծաղրվում են բոլորի համար՝ հանուն լայքերի եւ շահույթի։

Ինչո՞ւ է Labubu-ն սպառնալիք, իսկ ընտանեկան բռնությունը, մանիպուլյացիան եւ լիակատար երեսպաշտությունը՝ ոչ։ Մինչ մարդիկ ստորագրություններ են հավաքում «Labubu-ն արգելելու» համար, մինչ ասում են, որ դա սատանայական մոլուցք է, երեխաները մեծանում են մի միջավայրում, որտեղ դատապարտվում է ամեն ինչ, բացի իրական չարիքից։

Եվ ի վերջո, եթե այդքան վախենում եք, որ խաղալիքը տեղ կգտնի երեխայի հոգում, գուցե արժե սկսել նրանից, որպեսզի այդ երեխայի կողքին լինեք։ Խոսեք նրա հետ։ Պաշտպանեք նրան ոչ թե Labubu-ից, այլ իրական, իսկական սատանաներից, որոնք, ի տարբերություն փափուկ տիկնիկի, արդեն վաղուց հիմնավորվել են մեր իրականությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս