Ադրբեջանի տարածքից հրթիռներ արձակվե՞լ են Իրանի ուղղությամբ. մեկնաբանում է Իրանի դեսպանը
Հուլիսի 01, 2025

Ադրբեջանի տարածքից հրթիռներ արձակվե՞լ են Իրանի ուղղությամբ. մեկնաբանում է Իրանի դեսպանը

«Այդ հարցը Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ արծարծվել է, և հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանի դեմ»։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից է նաեւ հրթիռներ արձակել Իրանի տարածքի վրա։

«Մեզ տեղեկացրեցին, որ նման բան նրանք թույլ չեն տա։ Մենք, թերևս, պաշտոնական ինֆորմացիա չունենք, որ նման բան տեղի ունեցած լինի։ Ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չենք կարող պաշտոնական դիրքորոշում հայտնել։ Իրանի դիրքորոշումը երեկ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է։ Մեր դիրքորոշումը այն է, ինչ երեկ հնչել է ԱԳՆ խոսնակի կողմից»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական կողմը շատ կոշտ էր արձագանքել իր՝ օրեր առաջ արած հայտարարությանը, դրանք անվանելով աբսուրդ, դեսպանն ասաց. «Մեր ԱԳՆ խոսնակը երեկ արձագանքել է, անհիմն պատմական պնդումներ են, որը կարող է լարվածության առիթ դառնալ ինչպես նաև այլ երկրների տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնել, դրանք ճիշտ բան չեն։ Ինքնակոչ այդ պնդումներով հնարավոր չէ աշխարհագրական իրողությունները փոխել։ Իմ կարծիքը այն է, ինչ ասել եմ»։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր. «Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի, փոքր քանակությամբ ԱԹՍ - ներ հարևան երկրների կողմից մեր տարածք են մտել: Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ: Կսպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքել»։

Իրանի դեսպանն ընդգծել էր՝ «հնարավոր է և հավանական է, որ թշնամի սիոնաիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի»: Միաժամանակ հիշեցրեց՝ ադրբեջանական կողմը վստահեցրել էր, թե թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ»:

Դիտարկմանը, թե Իրանը շատ ուժեղ հետախուզություն ունի տարածաշրջանում, և հետևաբար հնարավո՞ր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանել էր. «Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը իրականացնելու համար: Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը»:

Բաքուն «կտրականապես մերժել է» Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները՝ Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով «անհիմն և սադրիչ»։

«Այդ մեղադրանքները վնաս են հասցնում ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 01 Հուլիսի 2025 16:22

Լրահոս