ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 9-ի՝ «Հաղթանակի օրվա» զորահանդեսի իր հյուրերի ցուցակի առաջին տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն է:
Չինաստանի ղեկավարը չորսօրյա պետական այցով կժամանի Մոսկվա: Պեկինի հայտարարության համաձայն՝ այցի ընթացքում նա կխորացնի «փոխադարձ վստահությունը» Պուտինի հետ և կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի՝ նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
Զորահանդեսին սպասվում է նաև Բրազիլիայի նախագահ Լուիզ Ինասիու Լուլա դա Սիլվայի, Վիետնամի նախագահ Տո Լամի և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը:
Մոսկվայում Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի պատվո պահակախմբի ստորաբաժանումները նույնպես կմասնակցեն զորահանդեսին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին զգուշացրել է միջոցառմանը մեկնող պաշտոնյաներին, որ Կիևը «չի կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համար»՝ ընդգծելով ընթացող հակամարտությունը: Կրեմլը հայտարարել է, որ Զելենսկու խոսքերը սպառնալիք են: