Մոսկվայում ձերբակալվել և կասլանավորվել են «Ալռոսա»–ի ադամանդները գողացած խմբի 4 անդամների, որոնք դրանք պետք է մաքսանենգ ճանապարհով տեղափոխեին Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
«Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և ԱԴԾ օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են ադամանդները գողացած ընկերության աշխատակցին՝ Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդուն՝ Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդի դեր է խաղացել, ինչպես նաև Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին, որոնք մաքսանենգ ճանապարհով քարեր են տեղափոխել՝ փորձելով գողանալ ավելի քան 1,7 միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդների մեկ այլ խմբաքանակ: Դատարանը մեղադրյալների համար խափանման միջոց է ընտրել կալանքը», - ասել է Պետրենկոն:
Այսպիսով, ԱԴԾ-ն հայտնել է, որ «կանգնեցվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգված կերպով գողացել են «Ալռոսա»-ից բարձրորակ ադամանդներ՝ հետագա անօրինական վաճառքի և ՀՀ տարածք մաքսանենգության նպատակով»։ ԱԴԾ-ն հայտնել է, որ անօրինական գործունեության կազմակերպիչները Բաղիկյան եղբայրներն են՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ՝ ադամանդների մաքսանենգության համար։ «Գողացված ադամանդները Հայաստան են բերվել ADM Diamond LLC-ի կողմից, որի շահառուն հայ գործարար և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Հ. Ա.-ն է», - հայտնել է հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
ԱԴԾ-ն նշել է, որ խուզարկությունների ընթացքում մեղադրյալներից առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդի հումք, որը նախատեսված էր բարձրորակ հումքը ավելի էժանով փոխարինելու համար, ինչպես նաև կանխիկ գումար և համաշխարհային հայտնի ապրանքանիշերի թանկարժեք զարդեր։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունվար մեղադրյալները համակարգված կերպով գողացել են բարձրորակ ադամանդներ «Ալռոսա» հանքարդյունաբերական ընկերությունից՝ նյութական օգուտ ստանալու և դրանք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու նպատակով։
Քրեական գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասով (գողություն), ՌԴ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 5-րդ մասով (սաթի, նեֆրիտի կամ այլ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի կամ մարգարիտների անօրինական շրջանառություն):