Սրանք ավելի կոռումպացված ու ավելի թալանչի դուրս եկան, և որ ամենակարևորն է՝ ավելի ՀԱԿազգային դուրս եկան. Թորոս Ալեքսանյան

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
Թորոս Ալեքսանյան

Անցած դարի 30-ականներին Սովետական Միության ղեկավարությունը մարդկանց պատմում էր այն մասին, թե ինչպես երկրի բնակչությունը ազատագրվեց ցարական բռնատիրական ռեժիմից 17 թ.-ի հեղափոխության արդյունքում: Անձամբ ընկեր Ստալինի հրահանգով ամբողջ Սովետական Միության տարածքում, սկսած լուրջ թատրոններից ու երաժշտական կոլեկտիվներից մինչև ինքնագործ թատերական ու երաժշտական խմբակները, տարատեսակ միջոցառումներ ու համերգներ էին կազմակերպում, և ուրախ երգեր երգում՝ գովերգելով սովետական ժողովրդի անհոգ ու ազատ կյանքը, այն կյանքը, որը պարտիան էր նրան նվիրել: Այդ ոգով նաև ֆիլմեր էին նկարում, դրա մասին գրողներն ու բանաստեղները գրքեր էին հրատարակում, այդ մասին էր խոսում ողջ մամուլը:

Բայց իրականությունը բոլորովին այլ էր, մարդիկ երանի էին տալիս ցարական ռեժիմի տարիներին, քանի որ այդ նույն պարտիայի կողմից իրականացվող համատարած ռեպրեսիաներին ոչ թե հարյուրավոր մարդիկ էին զոհ գնում, ինչպես ցարական ռեժիմի ամենավայրագ դրսևորումների ժամանակ էր լինում, այլ հարյուր հազարավորներ, ասեմ ավելին՝ միլիոններ:

Հիմա ես ուղիղ անալոգիա եմ տեսնում անցյալ դարի 30-ականների բոլշևիկյան վակխանալիայի ու այսօրվա մեր թավշյա հեղափոխականների արարքների միջև. սրանք նույնպես բոլշևիկյան ոճով մարդկանց գլուխները արդուկում են զառանցանքներով, որ իրենց հեղափոխությամբ փրկել են վերջիններիս նախորդների բռնատիրական ռեժիմից, և որ հիմա մարդիկ արդեն ազատ են ու երջանիկ, և այդ զառանցանքները տարածում ու պրոպագանդում են ամենուր, ու թող գտնվի մեկը, որ կհամարձակվի հակառակը պնդել:

Սակայն իրականությունը, ինչպես նախորդ դրվագում, այստեղ նույնպես այլ է. մարդիկ արդեն սկսել են երանի տալ նախկին ռեժիմներին, քանի որ սրանց ռեժիմը ամենաանմարդկայինը դուրս եկավ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, քանի որ սրանց օրոք ոչ միայն ազատ խոսելն է արգելվում, այլև ուրիշ կերպ մտածելը, քանի որ սրանք ավելի կոռումպացված ու ավելի թալանչի դուրս եկան, և որ ամենակարևորն է՝ ավելի ՀԱԿազգային դուրս եկան:

Ավտորիտարիզմը Հայաստանում վերջնականապես հաղթանակ է տանում, քանի որ նորօրյա մեր թավշյա բոլշևիկները անցյալ դարի իրենց եժովա-յագոդա-բերիա-մուղդուսիական հոգեհայրերի մոլեռանդությամբ են պատերազմում իրավունքի, ժողովրդավարության ու մարդկանց ազատությունների դեմ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից