Կառավարության նիստում ԱԻՆ նախարարը, չգիտես ինչու, որոշում է «օրվա թեմա» դարձնել խողովակաշարը և չկարևորել երկրորդ դեպքը

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառումամբ անդրադարձել է Սյունիքի մարզում արտակարգ երկու դեպքին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր լուսադեմին Սյունիքի մարզում երկու դեպք է տեղի ունեցել.

մի դեպքում ԶՊՄԿ-ից հայտնել են, որ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, բայց որը հաշված րոպեների ընթացքում մասնագիտական թիմի կողմից կարգավորվել է և ընթանում է ներքին քննություն, իսկ մյուս դեպքում՝ Կապան քաղաքում սողանքի հետևանքով տեղի է ունեցել բնակելի շինության փլուզում, արդյունքում, ցավոք, փլատակների տակից դուրս են բերվել երկու դիեր։

Կառավարության նիստում ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, չգիտես ինչու, որոշում է «օրվա թեմա» դարձնել խողովակաշարը և չկարևորել երկրորդ դեպքը, կրկնում եմ, մարդկային կյանքեր արժեցած դեպքը։ Ինչու՞, որովհետև սեփական լիազորությունների շրջանակներում գտնվող խնդի՞ր է, ուղիղ պատասխանատվությունից խուսափու՞մ, սողանքի ռիսկայնությունը նախապես չգնահատելու ու փլուզումը կանխելու անգործություն, թե՞ «հիշողության հարմարավետ կորուստ»։

Կարծում եմ, հարցերի պատասխաններն ավելի քան ակնհայտ են։ Հուսամ գոնե նիստում տեսախցիկների առաջ գովազդվելուց հետո, Ցոլակյանն ու ենթակա պատասխանատուները ևս քննություն կանեն ու կպարզեն ինչու իրենց տանը քնած մարդիկ այդպես էլ չարթնացան քնից»։