Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի երկրորդ՝ Հոլանդիա անվանումից

Ազգային վերափոխման ծրագիրը, որը ստորագրվել է բիզնես լիդերների, զբոսաշրջային խորհրդի և կառավարության միջև, ուժի մեջ կմտնի այս տարվա վերջին

Նիդեռլանդների կառավարությունը որոշել է հրաժարվել երկրի երկրորդ՝ Հոլանդիա անվանումից, գրում է The Guardian-ը:

Թողնելով բացառապես Նիդեռլանդներ անվանումը՝ կառավարությունը նպատակ ունի վերափոխել երկրի իմիջը:

Ազգային վերափոխման ծրագիրը, որը ստորագրվել է բիզնես լիդերների, զբոսաշրջային խորհրդի և կառավարության միջև, ուժի մեջ կմտնի այս տարվա վերջին:

Նախարարները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրի ազգային կյանքի որոշակի ճյուղերից, որոնց հետ հիմնականում ասոցացվում է այս երկիրը, ինչպիսին են թմրանյութերն ու Կարմիր լապտերների փողոցը:

Այս նոր մարտավարության պայմաններում Նիդեռլանդները կդառնա «Տոկիո 2020»-ի օլիմպիական խաղերում և «Եվրատեսիլ» երգի մրցույթում երկրի պաշտոնական անվանումը: «Եվրատեսիլ 2020»-ը, ի դեպ, անցկացվելու է մայիսին՝ Ռոտերդամում:

Երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը երկրից դուրս առավել հայտնի է Հոլանդիա անվամբ, այսուհետ բոլոր պաշտոնական իրավիճակներում կանվանվի բացառապես Նիդեռլանդներ:

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշել է. «Մեր երկրին հարկավոր է առավել կենտրոնացված ազգային անվանում: Մենք ցանկանում ենք ներկայացնել Նիդեռլանդները որպես բաց և ներառական երկիր: Մենք ավելի ժամանակակից ենք դարձրել մեր մոտեցումները: Հատկանշական է, որ հարցը մենք արդեն իսկ համաձայնեցրել ենք կառավարության, զբոսաշրջային ոլորտի, Նիդեռլանդների արդյունաբերության կոնֆեդերացիայի և ներդրողների հետ»:

Հյուսիսային և Հարավային Հոլանդիաները Նիդեռլանդների արևմտյան ափին գտնվող նահանգներ են: 10-16-րդ դարերում Հոլանդիան եղել է մեկ միասնական քաղաքական միավոր: 17-րդ դարում այն կազմում էր Հոլանդական Հանրապետության մեծագույն մասը: Իսկ Նիդեռլանդների թագավորություն անվանումը ծագել է հոլանդերեն Neder-landen բառակապակցությունից, որը բառացիորեն նշանակում է ցածր երկիր և առաջացել է 1815 թվականին Վաթեռլոոյում Նապոլեոնի կրած պարտությունից հետո: