Լիլի Սարգսյանի թաց ֆոտոշարքը` լողազգեստով

«Բարձրահասակ, թիկնեղ, ժպտերես, բայց լուրջ տղա պետք է լինի կողքիս». Լիլի Սարգսյան
լիլի

Տարվա բոլոր եղանակներին պետք է լինել գեղեցիկ և նրբաճաշակ, համոզված է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը: 18-ամյա Լիլին ասում է, որ Գեղեցկության մրցույթին մասնակցելն ու տիտղոսակիր դառնալն  իրեն լիովին փոխել է՝ ավելացնելով ինքնավստահությունն ու օգնելով կյանքին նայել տարբեր կողմերից: Նրա հաղթանակը ժամանակին ունեցավ ինչպես ծափահարողներ, այնպես էլ բազմաթիվ քննադատողներ: Այդ ամենից Լիլին երբևէ չի նեղսրտել: Ասում է՝ ճիշտ հակառակը, դա օգնել է ձգտել ավելիին:

 Tert.am Life-ը Լիլիի հետ ամառային «թաց» ֆոտոշարք է իրականացրել և զրուցել երևանյան շոգը հաղթահարելու իր տարբերակի, հանգստի մեկնելու ծրագրերի, մասնագիտական ու անձնական հարցերի շուրջ:

Եթե հոգիդ չարությամբ է լցված, գեղեցկությունը կխավարի

Լիլին ասաց, որ այս շրջանում փոքր-ինչ զբաղված է և չի հասցրել մեկնել երկարատև հանգստի, երևանյան շոգերը նա հաղթահարում է ժամանակ առ ժամանակ լողավազան այցելելով. «Դա օգնում է ժամանակավորապես ազատվել շոգից:

Մինչև տևական հանգստի մեկնելը փորձում եմ Հայաստանի տարածքում հանգստանալ՝ օրինակ` քաղաքից դուրս գնալով: Շուտով ընտանիքիս հետ երկրից դուրս կգնամ հանգստի: Ուղղությունս դեռ հստակ չեմ որոշել»:

.

Լիլիի խոսքով` ամառը տարվա իր սիրելի եղանակն է, երբ ստիպված չէ շատ հագուստ կրել ու ապահովագրված է ցրտից: Նա կարծում է, որ հատկապես այս ժամանակահատվածում աղջիկներն ու կանայք կարող են մի լավ թիթիզանալ: «Կարծում եմ, որ աղջիկը, կինը  բոլոր եղանակներին էլ պետք է լինի գեղեցիկ և նրբաճաշակ,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ կանացի գրավչության գաղտնիքը ոչ միայն ու ոչ այնքան գեղեցիկ արտաքինն ու կազմվածքն են, որքան ներաշխարհը,- Որքան էլ կինը գեղեցիկ լինի, եթե հոգին չարությամբ լցված լինի, գեղեցկությունը կխավարի:  Պետք է օժտված լինել մարդկային արժեքներով»:

 

Բացասական կարծիքներն ինձ ցավ չեն պատճառել, ուժ են տվել

Թեև Լիլին մասնագիտական քայլեր սկսեց մոդելային ասպարեզում, սա իր ընտրած միակ մասնագիտական ճանապարհը չէ: Նա սովորում է Երևանի Մշակույթի համալսարանի քոլեջում՝ դիզայներական բաժնում. «Այս տարի արդեն պետք է ընտրեմ դիզայնի որևէ ճյուղ: Կարծում եմ՝ վերջնականապես կընտրեմ ինտերիերի դիզայնը, նաև հետաքրքրություն ունեմ համակարգչային դիզայնի նկատմամբ»:

Լիլիի խոսքով` դիզայներական աշխատանքը երբեք չի ստվերելու մոդելային ասպարեզում առաջ գնալու իր ցանկությունը: Գեղեցկուհին նպատակ ունի ներկայանալ նաև արտերկրի  մոդելային շուկայում: «Այս տարի իմ առջև նպատակ եմ դրել ուժերս փորձել դրսի շուկայում ՝մասնավորապես Ֆրանսիայի մոդելային ասպարեզում»,-ասաց նա:

Նա հիշում է, որ «Միսս Արմենիա» մրցույթին իր մասնակցության որոշումը շատ արագ է կայացրել ու, կարելի է ասել, վերջին պահին, իսկ ամենացանկալի տիտղոսը նվաճելը, նրա խոսքով, իր կյանքում շատ բան է փոխել:

.

««Միսս Արմենիա» ճանաչվելը լիովին փոխեց ինձ. դարձրեց  ավելի ինքնավստահ, նպատակասլաց, տվեց նոր ընկերներ և կյանքին սկսեցի նայել տարբեր կողմերից,- ասաց նա և ավելացրեց, որ այդ շրջանում դրական կարծիքների կողքին բացասական մեկնաբանությունների էլ է առնչվել,- Կստեմ, եթե ասեմ` երբևէ չեմ ընթերցել մեկնաբանությունները, բայց դա ինձ ցավ չի պատճառել, ավելի է ուժ տվել` ձգտելու հասնել նպատակներիս: Քանի որ առաջին քայլս եղել է U CAN  մոդելային դպրոցից, միշտ ուղղորդվել եմ այդ կարգախոսով՝ ինքս ինձ ասելով, որ ես կարող եմ: Եթե որևէ բան չի ստացվել, երբեք դրանից չեմ հիասթափվել կամ հետ կանգնել»,-ասաց նա:

Լիլին կարծրատիպային է համարում հասարակության մեջ տարածված մոտեցումը, որ մոդելները, որպես կանոն, ինտելեկտով առանձնապես չեն փայլում. «Դա ուղղակի միֆ է: Այդ կարծրատիպը կկոտրվի այն ժամանակ, երբ մարդիկ կփոխեն իրենց մտածելակերպը, որը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»:

«Միսս Հայուհի 2018»-ին թագադրելու պատվին արժանանալը Լիլիի համար կրկնակի հաճելի էր: Նա նշեց, որ այս տարվա գեղեցկուհուն՝ Արենային, գործնական մի քանի խորհուրդներ է տվել ու պատմել սեփական փորձի մասին. «Նրան խորհուրդ եմ տվել լինել էլ ավելի համարձակ ու ժպտերես: Վստահ եմ՝ նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի հասնի հաջողության»:

.

Սիրտս դեռ ազատ է

Կա՞ որևէ աղջիկ, որին հաճելի չէ լինել ուշադրության կենտրոնում. Լիլին ինքն է հարցնում, ապա պատասխանում՝ դժվար գտնվի նման մեկը. «Ես նույնպես բացառություն չեմ, բայց հիմա այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում հակառակ սեռի կողմից իմ նկատմամբ ցուցաբերվող ուշադրությանը, քանի որ կարծում եմ` ինձ համար դեռ վաղ է հարաբերություններ սկսելն ու շփվելը: Իսկ սիրտս, բնականաբար, դեռ ազատ է:

Դիտարկմանը, որ դեռ ամիսներ առաջ` մրցույթից հետո, տարածվել էին իր և մի տղայի համատեղ լուսանկարներ, որը, ըստ հրապարակումների, նրա ընկերն էր, բայց նա այդպես էլ չմեկնաբանեց, նա արձագանքեց. «Նա պարզապես իմ լավագույն ընկերն է եղել, ուրիշ ոչինչ։ Լուսանկարում Mr. World wide 2018-ն էր» »:

.

Նրա խոսքով` հստակ պատկերացում ունի, թե ինչպիսի տղամարդ է ցանկանում իր կողքին տեսնել. «Բարձրահասակ, թիկնեղ, ժպտերես բայց լուրջ տղա պետք է լինի կողքիս: Սիրում և կարևորում եմ նաև փաստը, որ նա առողջ ապրելակերպ վարի: Մարզված լինելը հիանալի է»:

 

Հետաքրքրություններ

«Ես նաև հետաքրքրասեր մարդ եմ իմ տեսակով: Ինձ կարող է հետարքրքել, թե ինչպես է ստեղծվում այս կամ այն առարկան: Ինքս էլ եմ փորձում պատրաստել, երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ տարբեր երկրների պատմությունն ու մշակույթը: Ինձ առավել գրավում է Հնդկաստանի մշակույթը, որը շատ գունեղ է ու գեղեցիկ,-ասաց Լիլին և ավելացրեց, որ Փարիզը Երևանից հետո իր սիրելի քաղաքների շարքում է,- Փարիզում դեռ  չեմ եղել, հուսով եմ` այս տարի կինեմ։ Այն ինձ համար սիրո և ջերմության քաղաք է, չնայած այդ սերն ու ջերմությունը պետք է ներսումդ լինի անկախ նրանից՝ որտեղ ես գտնվում»:

.

Ինքն իրեն բնորոշում է հանգիստ բնավորությամբ մարդ, որն ամեն պարագայում փորձում է ուրախ և դրական լինել: Ասում է՝ փոքր-ինչ նեղացկոտ է։

.

.

.

.

.

.

.

Լուսանկարները՝ Johny Core-ի

Նկարահանումն իրականացվել է՝ Delice Club-ում

Անահիտ Հակոբյան