Սեփական ձեռքով սրած բիզը սեփական մարմնի մեջ խրելու ժամանակը

Հեղափոխության ժամանակ բոլոր լիազորություններն ու իրավասությունները ոստիկանությունից վերցվեցին և փոխանցվեցին ամբոխին

Նախօրեին լարված իրավիճակ էր ստեղծվել Աղբյուր Սերոբ 11/2 բնակարանի դիմացի տարածքում: Այս մասին հայտնել էին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը, որոնք գտնվել են դեպքի վայրում և նկարահանել կատարվածը: 
Տեսանյութից պարզ է դառնում, որ ոստիկանները գտնվում են բնակարաններից մեկում, որտեղ կա երեք մանկահասակ երեխա. նրանք փորձում են ներխուժել բնակարան, իսկ ավագանու անդամներն էլ փորձում են խոչընդոտել: Ոստիկանները մուրճով և «քացով» հարվածում են դռներին և փորձում բացել: Ավագանու անդամների ներկայացմամբ` այդ բնակարանը ուզում են վերցնել քաղաքացու ձեռքից, որ տարիներ շարունակ ապրել է այնտեղ: Քաղաքացին փորձում է պաշտպանել իր իրավունքներն ու դուրս չի ուզում գալ բնակարանից:
Եվ հետաքրքիր է, որ ոստիկանները չունեն ձեռնաշղթաներ և երիտասարդին, որը ենթադրաբար այդ բնակարանի բնակիչն է, պարանով կապել են շքամուտքի ճաղավանդակից, որպեսզի նրան կարողանան դուրս տանել: Ավագանու անդամներն էլ անընդհատ ոստիկանության պետ Օսիպյանի և ԱԱԾ-ի ուշադրությունն են հրավիրում միջադեպի վրա՝ պնդելով, որ ոստիկանությունը գերազանցում է իր լիազորությունները:
Գնահատելու համար՝ գերազանցում են, թե չեն գերազանցում՝ պետք է հստակ խնդիրն իմանալ խորությամբ: Բայց մի բան հստակ է՝ եթե նախապես բերման ենթարկելու կամ տարածքն ազատելու հրահանգ է եղել, ապա այդ մասին պետք էր նախապես իրազեկել, պետք էր ունենալ համապատասխան որոշում կամ դատական ակտերի հարկադիր կարաման կամ էլ ոստիկանության կողմից, եթե առկա էր գույքի օրինական տիրոջ համապատասխան միջնորդությունը: Բայց ոստիկանությունն այդ ողջ ընթացքում որևէ նման հայտարարություն չարեց, ավագանու անդամներին որևէ բացատրություն չներկայացրեց:
Ոստիկանությունը ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հարկադրանք և ուժ կիրառող մարմին է, որովհետև օրենքի և օրինականության հաստատման համար շատ դեպքերում ուժի կիրառումն այլընտրանք չունի: Աշխարհում չկա իշխանություն, որը երբևէ չի ապավինում ուժի կիրառմանը: Հայաստանի հեղափոխական իշխանությունները ոչ վաղ անցյալում առաջնորդվում էին այն մոտեցմամբ, որ ոստիկանն իրավունք չունի ուժ կիրառել: Օրինակ՝ ոստիկանությունը ուժ չէր կիրառում, երբ Նիկոլ Փաշինյանը կաթվածահար էր արել ողջ հանրապետության երթևեկությունը, պարալիզացրել էր պետական ապարատի և կրթական համակարգի գործունեությունը: Ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց, երբ Նիկոլ Փաշինյանը ներխուժեց ռադիոյի շենք, որը հատուկ պահպանվող պետական օբյեկտ է: Ոստիկանությունը տարիներ շարունակ որևէ քայլ չի ձեռնարկում, երբ Վարդգես Գասպարին պառկում է դատարանների, դատախազության դիմաց, հրապարակում կամ մեկ այլ տեղ՝ ասֆալտի վրա: Ոստիկանությունը որևէ քայլ չձեռնարկեց, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով շրջափակվել էին դատարանների շենքերն ու դատավորներին թույլ չէին տալիս մուտք գործել դատարան: Հիմա արդեն եկել է սեփական ձեռքով սրած բիզը սեփական մարմնի մեջ խրելու ժամանակը: Հեղափոխության ժամանակ բոլոր լիազորություններն ու իրավասությունները ոստիկանությունից վերցվեցին և փոխանցվեցին ամբոխին, որին Փաշինյանն ու նրա թիմն այն ժամանակ ՀՀ հպարտ քաղաքացիներ էին անվանում: Հպարտ քաղաքացին իրավունք ունի անել ճիշտ նույն քայլերը, ինչ ժամանակին անում էին հեղափոխականները: Այդ քայլերն իրականում կործանարար են պետության համար, որոնք թուլացնում են օրինականության և կարգուկանոնի հիմքերը: Պետք է այդ երևույթի դեմն առնել, բայց այս իշխանությունն այդ մանդատից ի սկզբանե հրաժարվել է, ուստի հազիվ թե ի զորու է իրականացնել նման քայլ: Հայկ Դավթյան hayeli.am