Ալիև․ «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա»

Մանրամասներ
 Իլհամ Ալիև

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ», - այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ «բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը»։

«Մեկնարկել է սահմանազատումը, ոչ միայն սահմանազատումն, այլև սահմանագծումը», - նշել է Ալիևը՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն այդ համաձայնությանը կարողացել են հասնել առանց միջնորդների։

«Դա ևս մեկ անգամ վկայում է, որ մենք միջնորդների կարիք չունենք։ Միջնորդներն առաջնորդվում են բացառապես իրենց շահերով։ Նրանց նպատակը ոչ թե [կողմերին] օգնելն է այլ տարածաշրջան ներթափանցելը՝ հանուն իրենց քաղաքական ու տնտեսական շահերի։ Նրանք [Հարավային Կովկասը] կրկին հրկիզելու ցանկություն ունեն։ Մենք դա թույլ չենք տա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցումը պիտի ձևակերպվի արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024թ. մայիսի 15-ը, ինչից հետո այդ հատվածներում սահմանագիծը կհամարվի սահմանազատված։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ: