Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 60 «Շահեդ» և 90 հրթիռ. Զելենսկի

Մանրամասներ
զելենսկի

Մարտի 21-ի՝ լույս 22-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 60 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարք և տարբեր տեսակի գրեթե 90 հրթիռ: Այս մասին սոցցանցերում հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ռուսները հարվածել են հիմնականում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Սակայն հարվածներ են եղել նաև բնակելի շենքերին և նույնիսկ մարդկանցով լի տրոլեյբուսիներին։

«Ռուս ահաբեկիչների թիրախները աշխարհը հնարավորինս պարզ են տեսնում՝ էլեկտրակայաններ և էներգակիրներ, հիդրոէլեկտրակայաններ, սովորական բնակելի շենքեր, նույնիսկ տրոլեյբուս։ Ռուսաստանը պայքարում է մարդկանց սովորական կյանքի դեմ։ Ցավակցում եմ այս ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել գործընկերներին արագ տրամադրել Ուկրաինային ռազմական օգնություն և հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր։

«Ռուսական հրթիռները ուշացումներ չունեն, ինչպես մեր պետությանն ուղղված օգնության փաթեթները։ «Շահեդները» որոշ քաղաքական գործիչների նման անվճռականություն չունեն։ Կարևոր է հասկանալ ուշացումների և հետաձգված որոշումների արժեքը: Patriot համակարգերը պետք է պաշտպանեն Խարկովը և Զապորոժյեն, հակաօդային պաշտպանությունը անհրաժեշտ է մարդկանց, ենթակառուցվածքների, տների և ամբարտակների համար։ Գործընկերները հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ: Նրանք հաստատ կարող են մեզ աջակցել։ Այս լուծումներն են անհրաժեշտ։ Կյանքը պետք է պաշտպանել մոսկովյան այս մոլեռանդներից»,- ասել է Զելենսկին։