Բաժանիր ամեն ինչ

Սեր, Ուրախություն, Խաղաղություն և Հանգստություն կունենաք՝ առատ ու հորդուն չափով, միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք


Փետրվարի 24

Հոգու գործը լռությամբ է կատարվում: Սերը արդեն իսկ ուրիշներին մոտեցնում է ձեզ: Ձեզ մոտ եկած բոլոր մարդկանց ընդունեք իբրև Իմ կողմից ուղարկված և արժանացրեք նրանց արքայական ընդունելության: Անակնկալի կգաք, եթե հասու լինեք այն բաներին, որ ծրագրել եմ ձեզ համար:

Անկեղծ սիրով ու ջերմությամբ ընդունեք ձեզ եկողներին: Կարող է այնպես լինել, որ դուք չիմանաք, թե ինչ գործ է կատարվում: Այսօր շատերը կարող են ձեր կարիքը բոլորովին չզգալ, բայց շատ հավանական է, որ վաղը արդեն այդ պահանջը ունենան: Երբեմն Ես կարող եմ նաև անծանոթ այցելուներ ձեզ մոտ ուղարկել: Այնպես արեք, որ նրանք ձեզ կրկին այցելելու ցանկություն ունենան: Եկվորներից ոչ ոք թող չզգա, որ իր գալը չեք ուզում:

Ուրախությամբ բաժանեք ամենքին ձեր Սերը, Զվարթությունը, Երջանկությունը, Ժամանակը, Կերակուրը: Իբրև այս ամենի արդյունք՝ հրաշալի իրողություններ կբացվեն ձեր առջև: Հիմա ձեզ համար ամեն բան չբացված բողբոջի ձևի մեջ է, բայց երբ ծաղիկը բացվի, նրա գեղեցկության փառքը ձեր պատկերացրածից շատ ավելի վեր կլինի: Սեր, Ուրախություն ու Խաղաղություն և Հանգստություն կունենաք՝ առատ ու հորդուն չափով, միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք: Սեր տվեք ուրիշին, տվեք՝ ինչ որ կարող եք, տվեք ուրախ սրտով ու բաց ձեռքով: Գործածեք ամեն ինչ ուրիշների օգուտի համար և փոխարենը կստանաք ազնիվ բարիքներ ու օրհնություններ: