Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղի հարցեր. Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Շատ խոսվում է տարածքների ճշգրտման, Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում:

Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

Նա նշել է, քանի որ Հայաստանը հավատարիմ է Ալմաթիի հռչակագրին՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, հայկական կողմն ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ չպետք է լինեն։

«Հետևաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ -որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, պետք է այդ տարածքներից Հայաստանը դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին, Ադրբեջանը պահում է տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։

Սա քաղաքական պայմանավորվածություն է, որն արձանագրվել է, բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետև ինչպե՞ս որոշեն, որ սա ՀՀ տարածք է, թե Ադրբեջանի։ Դրա համար մեկ ձև կա. Ալմաթիի հռչակագրի վրա հենվելով սեղանի վրա դնել Ալմաթիի հռչակագրի դրույթներն արտահայտող քարտեզներ և գնալ տեղում նայել իրողությունը և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին։

Հակառակ մոտեցումը նշանակում է, ըստ էության, ստեղծել մի իրավիճակ, որն անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ և մենք, ինչպես հայտարարել ենք և հայտարարում ենք, պատրաստ ենք այս ճանապարհով գնալ»,- ասաց Ն.Փաշինյանը։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ Ալիևն ասել է, որ 8 գյուղերի «վերադարձի» հարցը մշտապես օրակարգում է. «Այդ հարցը քննարկվում է Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, այդ թվում՝ Սանկտ-Պետերբուրգում «ոտքի վրա» անցկացրած մեր զրույցի ժամանակ եմ ես բարձրացրել   այդ հարցը։ Այն նաև սահմանազատման հանձնաժողովի օրակարգում է»։