Ռիսկ կա, որ ռուսական շղթայով Զանգեզուրի կոմբինատը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ

Մանրամասներ
վարդան արամյան

Tert.am-ը գրել էր, որ  ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է  ԶՊՄԿ իրական շահառու և  2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։

Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։

Տրոցենկոյի փոխարեն 47.6% անուղղակի մասնակցությամբ ընկերության իրական շահառու է դարձել Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։

Ըստ իրական շահառուների նախավերջին հայտարարագրի (07/08/2023)՝ Գլեբ Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ում ունեցել է 72.6% անուղղակի մասնակցությամբ բաժնեմաս։ Արդեն նոր հայտարարագրում (21/11/2023) Գլեբ Տրոցենկոն իրական շահառուների շարքում չկա։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը չի բացառել ռիսկը, որ  ռուսական շղթայով Զանգեզուրի կոմբինատը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ։

«Եթե ԶՊՄԿ-ն, որը մեր խոշոր հարկատուներից է, հայտնվի պատժամիջոցների տակ, հետևանքները շատ մեծ կլինեն՝ սկսած հազարավոր աշխատատեղերից, վերջացրած այդ ընկերության հետ աշխատող այլ ընկերություններով և պետբյուջե մուտքերով։

Պատժամիջոցների մասին Բայդենի հրամանագրում շատ է կիրառված «հնարավոր է, չի բացառվում» տերմինը։ Դա նշանակում, որ ամերիկյան վարչակազմը գործունեության լայն դաշտ է ստեղծել պատժամիջոցների համար։ Դա նշանակում է, որ ռիսկը միշտ էլ կա, որ նաև հայաստանյան ընկերությունը կհայտնվի պատժամիջոցների տակ։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներից խուսափելու համար՝ կոմբինատում պետական մասնաբաժնի ավելացմանը, ապա կառավարության մասնակցությունը բիզնեսին վտանգավոր եմ համարում, առավել ևս, եթե այն ոչ թափանցիկ է, ուղղակի ազդակներ է տալիս այլ բիզնեսների։ Օտարերկրյա ներդրողների տեսանկյունից դա վտանգավոր է»,- ասել է Արամյանը։

Նա չի բացառել, որ Արևմուտքին հաճոյանալով՝ կառավարությունը փորձում է պայմաններ ստեղծել հավանական պատժամիջոցներից խուսափելու համար։