Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին

Մանրամասներ
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի

Դժբախտաբար մեր օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը, որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին: Սա նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.

«Երևանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր կարծիքներն են տարածում Հայաստանում:

Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցությանը և Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում: Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ:

Սիոնիստական ռեժիմը հարավային կովկասում անկայունության հիմանական գործոններից մեկն է և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Ըստ New York Times-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հարձակվել Իրանի վրա։ Որպես պատճառ նշվել է իրանական հարվածի պատճառած համեմատաբար փոքր վնասը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի: