Ո՞ւր է Աստված

Մանրամասներ
արցախ

Կան հայեր, որոնք որոշ դեպքերում՝ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, գերեվարված հայ զինվորների մասին տեղեկանալիս, լուրջ հիվանդությունների պահին և այլն, արտահայտվում են՝ ասելով. «Ո՞ւր է Աստված»: Կարծես «Ո՞ւր է Աստված» արտահայտությունը ցույց է տալիս, որ Աստված գոյություն չունի կամ եթե գոյություն ունի, ապա Նա չի միջամտում ու պաշտպանում հայերին, որոնք վերջին 100 տարվա ժամանակահատվածում որոշ պետությունների կողմից կրեցին ահավոր տառապանքներ, նեղություններ ու դժվարություններ, անարգվեցին, սպանվեցին, աքսորվեցին, իսկ փոքրաթիվ ազատվածները տեղահանվեցին:

Այս հոդվածի նպատակն է՝ 1. հակիրճ ձևով ապացուցել աստվածաշնչական, պատմական և հետազոտական մոտեցումներով, որ Հայաստանն ու հայ ազգը ընտրված ու օրհնված են Ամենազոր Աստծու կողմից, 2. բացատրել ու հստակեցնել, որ ընտրված լինել չի նշանակում, որ մենք պիտի ունենանք խաղաղ ու ապահով կյանք, նույնիսկ Ստեղծիչից հեռանալու դեպքում:

Հայաստանն ու հայ ազգը ընտրված ու օրհնված են: Աստվածաշունչը խոսում է, որ՝ 1. Եփրատ և Տիգրիս գետերը Փիսով և Գեհով գետերի հետ ոռոգում էին Դրախտը. «Դրախտը ոռոգելու համար Եդեմից մի գետ էր բխում և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի։ Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է. այդ երկրի ոսկին ընտիր է։ Այնտեղ նաև սուտակ և դահանակ ակնաքար կա։ Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպացիների ողջ երկիրը։ Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է» (Ծննդ. 2:10-14): Աստվածաշնչի հայ և օտար մեկնիչները մեկնաբանում են վերոհիշյալ համարները,  որ Եդեմի պարտեզը գտնվում էր Հայաստանի մեջ:

2. Արարատ լեռը աստվածաշնչական լեռ է, և դրա վրա նստեց Նոյան տապանը.  «Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա» (Ծննդ. 8:4): Արդար Նոյը իր ընտանիքի անդամների հետ միասին Արարատ լեռից իջավ. «Եվ Նոյը դուրս եկավ, նրա հետ՝ նրա կինը, իր որդիներն ու իր որդիների կանայք։ Տապանից դուրս եկան…» (Ծննդ. 8:18-19):

3. Հողագործ Նոյը ջրհեղեղից հետո առաջին որթատունկը տնկեց Հայաստանի մեջ՝ «Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Քամը Քանանի հայրն էր։ Այս երեքն էին Նոյի որդիները, և սրանցից տարածվեց ողջ երկրի բնակչությունը։ Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց» (Ծննդ. 9:1- 20): Ինչո՞ւ Արարատյան մարզը հարուստ է խաղողով, արդյո՞ք դա առնչվում է սուրբ Նոյի տնկած որթատունկի հետ:

Ղպտի Ուղղափառ Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ իմաստուն Շենուդա Գ պատրիարքը Հայաստանի, հայ ազգի և Հայ եկեղեցու մասին դասախոսեց ղպտի համալսարական ուսանողներին և ասաց. «Հայկական երկրի՝ Հայաստանի կարևորություններից մեկն այն է, որ Նոյան տապանը նստեց Արարատ լեռան վրա և Նոյը, երբ իջավ լեռից, տնկեց խաղողի առաջին տունկը, և ներկայիս Հայաստանում կա խաղողի 36 տեսակ»: Իսկ նույն եկեղեցու հոգելույս Պիշոյ սրբազանը 2010-ին, «Ջրհեղեղի պատմությունը և կասկածներին գիտական ​​ապացույցներով պատասխանելը» խորագրով, 76 էջերից բաղկացած արաբերենով գիրք հրատարակեց: Սրբազանը իր գրքի մեջ նշեց աշխարհահռչակ տասնյակ դեմքերի վկայությունները՝ Berossus, Fernand Navarras, Jim Irwin, George Hagopian, Ed Davis, Ed Behling, Friedrich Parrot, John Wanvig, Jan Vanden Bosch, Dr. Rodney Vliet, Marco Polo, Dr. Carl Davis,  Nicholas of Damascus, Vence Will, Ron Bennett, Ken Cumming: Գրքի մեջ  կան տապանի նկարները, որպեսզի ընթերցողները հաստատ համոզվեն, որ Նոյան տապանը իսկապես նստեց Արարատ լեռան վրա մեր թվարկությունից առաջ:

4. Տակավին կան Աբգար թագավորի նամակը ուղղված Քրիստոսին, Թադեոս ու Բարթողիմէոս առաքյալների գալուստը Հայաստան, 301 թվականին քրիստոնեության հռչակումը Հայաստանում որպես պետական կրոն:  Իսկապես Հայաստանն ու հայ ազգը ընտրված ու օրհնված են Ամենազոր Աստծու կողմից:

Հայ ազգը ունեցավ բազմազան բաժանումներ: Երբ մի պահ նայենք աշխարհում ապրող շուրջ 11 միլիոն հայերին, պիտի տեսնենք ներքին բազմազան բաժանումներ, օրինակ՝

Կրոնական բաժանումներ: Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում հայ ազգի մեջ տեղի ունեցան կրոնական բաժանումներ, հայտնվեցին նոր հոսանքներ ու ուղղություններ՝ Կաթոլիկ, Բողոքական, Հիսունականներ, Շաբաթապահներ, Եհովայի վկաններ, Մորմոններ, Կյանքի խոսք, և մինչև իսկ հայ ազգը ունեցավ անաստված ու սատանայապաշտ հայեր: Ինչքան սիրուն կլիներ, եթե այժմ բոլոր հայերը միախմբված լինեին շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջը՝ ընդունելով այն որպես մեր բոլորի հոգևոր Մայր:

Քաղաքական բաժանումներ: Հայաստանում գրանցված է ավելի քան 110 քաղաքական կուսակցություն: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչպես կարելի է մեկնաբանել, որ երեք միլիոն բնակչություն ունեցող մի երկիր ունենա 110-ից ավելի քաղաքական կուսակցություն: Արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ նորանոր կուսակցություններ հիմնելու փոխարեն, աշխատանքներ տարվեին, որ հայ ժողովուրդը համախմբվեր հայոց բանակի շուրջը, և ոչ թե բաժան-բաժան լիներ քաղաքական կուսակցութունների միջև: Պողոս առաքյալը խոսեց միաբանության անհրաժեշտության մասին և հորդորեց՝ ասելով. «Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով» (Ա Կորնթ․ 1:10), իսկ մեր Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրեց բաժանումների մասին՝ ասելով. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ» (Մատթ. 12:25): Եթե ազգի զավակների միությունը զորություն, հաջողություն ու վերելք է, ապա ազգի զավակների միջև բաժանումը տկարություն, ձախողություն ու անկում է:

Ընտանեկան բաժանումներ: Աստված հիմնեց ընտանիք հասկացությունը՝ արու և էգ՝ Ադամ և Եվա, օրհնեց նրանց և ցույց տվեց մարդկանց հաջող ընտանիքի գոյատևման պայմանները: Վերջին տասնյակ տարիներում հայ ազգի մեջ ընտանեկան բաժանումները՝ ամուսնալուծությունները, մեծ աճ են արձանագրել: Ընտանիքը ազգի գոյատևման ու զորացման սյուներից մեկն է, չի կարելի հզոր ազգ պատկերացնել քայքայված ընտանիքներով:

Տակավին հայ ազգի մեջ կան բարոյական, դաստիարակչական, և այլ տեսակի  բաժանումներ:

Աստծու արդարությունը և ընտրված ազգ լինելը: Ընտրված ազգ լինելը չի երաշխավորում, որ այդ ազգը հավիտյան զորեղ պիտի մնա, նույնիսկ եթե հեռանա Աստծուց, որովհետև Աստված ոչ միայն սիրո Աստված է, այլ նաև Արդար:

Ճիշտ է, որ Հին կտակարանը ցույց է տալիս, որ հրեա ազգը ընտրված էր Աստծու կողմից, սակայն Աստված, որ չի սիրում մեղքը, քանի անգամ պիտի ոչնչացներ նույնիսկ Իր ընտրված ազգը երկրի երեսից, եթե չբարեխոսեին մարգարեները. «Տերն ինձ ասաց. Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին (Իսրայելի որդիներին). այդ ժողովուրդը խստապարանոց է։ Թո՛ւյլ տուր ինձ, որ կոտորեմ նրանց, նրանց անունը ջնջեմ երկնքի տակից և քեզ ավելի մեծ, հզոր ու բազմամարդ ազգ դարձնեմ, քան նրանք են» (Բ Օրին․ 9:13-14):

Իսրայելի որդիները բազում անգամ հեռացան Աստծուց, Տիրոջ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահել Ամենասրբի օրենքները, պղծեցին շաբաթները, մերժեցին Աստծու հրամանները և այլն: Ուստի Ամենաարդար Աստված նրանց ենթարկեց բազմազան չարչարաքների ու մինչև իսկ մահապատիժների՝ օձերի խայթվածքներով թույնասպան եղան, երկիրը կուլ տվեց նրանց, սրով սպանվեցին, կրակով այրվեցին, գերեվարվեցին և այլն:

Պետք չէ միայն պարծենանք, որ հայ ազգը ընտրված է Աստծու կողմից, այլ նաև պետք է միշտ հիշենք, որ Աստված ոչ միայն սիրո Աստված է, այլ նաև Արդար է: Աստված պատրաստ է երկրի երեսից ոչնչացնելու Իր սիրելի ընտրված ազգին, եթե վերջինս մոլորվի ու մխրճվի մեղքերի ցեխի մեջ:

Այս հոդվածի ավարտին արժե մտածել հետևյալ հարցման վրա. ինչպե՞ս Բանն Աստված չբարկանա հայ ազգի վրա, երբ Իր անսահման աստվածությունը ամեն օր  հրապարակորեն մերժվում ու անարգվում է աղանդավոր Եհովայի վկաների կողմից Իր ընտրված երկրի՝ Հայաստանի փողոցներում: Լավ կլինի, որ ողջ հայությունը համախմվի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու հայոց բանակի շուրջը, և այն ժամանակ փոխանակ ասելու՝ ո՞ւր է Աստված, պիտի ասենք՝ փա՜ռք քեզ, Աստված:

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am