Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը

Մանրամասներ
պետրոս

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով։ Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հեռակա հրավերին՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Եսայի քահանա Արթենյանը արձագանքել է․

«Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: 

Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:

Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո, Արամ Առաջին կաթողիկոսն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պահանջել էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը և հետագայում ամրապնդել իրենց տեսակետները հարցազրույցներով։ Նշենք, որ դրանից հետո իշխանությունը ոտք չի դրել Եկեղեցի, իսկ Հանրային հեռուստատեսությունը եթեր չի հեռարձակել եկեղեցականների ելույթները։ Տպավորություն է, թե Հանրայինը «կուսակցական հեռուստատեսություն է» դարձել՝ եթեր տրամադրելու փոխարեն եկեղեցու դեմ արշավ սկսելով։