Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին հանձնարարել է վերադառնալ Թբիլիսի` Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակը լուծելու

Մանրամասներ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին առաջարկել է վերադառնալ Թբիլիսի և խորհրդակցություններ անցկացնել կառավարության հետ՝ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնման նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը:

«Ի կատարումն Ուկրաինայի նախագահի հանձնարարության՝ հուլիսի 4-ին ԱԳՆ է կանչվել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, որին հայտնել են վճռական բողոք Վրաստանում բանտարկված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի էական վատթարացման կապակցությամբ», – հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ դիվանագետին հայտնել են, որ Սաակաշվիլիի նկատմամբ այդ վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է։

Այդ առնչությամբ Վրաստանի դեսպանին առաջարկվել է վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցություններ անցկացնելու և ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ որոնելու:

Գերատեսչությունում նշել են, որ Կիևը «պատրաստ է անհապաղ քննարկել Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու հարցը` բուժման և խնամքի համար»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր կանչել Վրաստանի դեսպանին և կարգադրել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Վրաստանում իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վիրավորական է համարել Սաակաշվիլին հանձնելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների պահանջը:

Սահակաշվիլին հուլիսի 3-ին հիվանդանոցից տեսակապով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին հանրահավաքը ցրելու գործով։ Տեսանյութում նախկին նախագահը խիստ հյուծված տեսք ուներ։